ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 23–ին «St.John's Smith Square Hall» լոնդոնյան համերգասրահում անցկացված պատանի հայ տաղանդների համերգը մեծ հաջողություն ունեցավ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց համերգի կազմակերպիչ, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը։
Ըստ նրա, «Հայաստանի պատանի տաղանդներ» անունը կրող համերգաշարը հիմնվել է 2005 թվականին և առաջին անգամ ներկայացվել Երևանում։ 2007 թվականին նախագծով հետաքրքրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրիտանական մասնաճյուղի ղեկավար Արմինե Կարապետին, ինչից հետո երկկողմ համագործակցություն է հաստատվել, և կազմակերպվել են հայ երաժիշտների ելույթները լոնդոնյան բեմերում։
«Մենք ելույթ ենք ունեցել Լոնդոնում 2014 թվականին վեցերորդ անգամ։ Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մենք համերգային ծրագիր ենք ներկայացրել ամեն տարի 2007 թվականից, բացառությամբ նախորդ տարվա։ Այս անգամ մենք ներկայացրել ենք արդեն կայացած հայ երաժիշտների, ովքեր աշխատում են ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,– պարզաբանեց Շահինյանը։
Ըստ նրա, համերգի ընթացքում լոնդոնյան բեմում փայլուն ելույթ են ունեցել դաշնակահար, դիրիժոր Վահան Մարտիրոսյանը (Ֆրանսիա), մեցո–սոպրանո Ջուլիետա Գալստյանը (Շվեյցարիա) և Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր)։
«Համերգային ծրագիրը շատ հագեցած էր։ Համերգի ընթացքում հնչեցին ինչպես արևմտաեվրոպական, այնպես էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես, հայկական հատվածում հնչեցին Կոմիտասի, Բաբաջանյանի, Հարությունյանի և Խաչատրյանի ստեղծագործությունները։ Ընդհանուր առմամբ, համերգը հաջողված էր»,– ասաց համերգի կազմակերպիչը։
Շահինյանը նշեց նաև, որ նախագծի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է ոչ միայն հայկական համայնքի ներկայացուցիչների, այլ նաև օտարերկրացի ունկնդիրների շրջանում` հանդիսատեսը ստեղծագործությունները դիմավորում էր մեծ ոգեշնչվածությամբ։
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահը հայտնեց, որ հիմնադրամն այս պահին պատրաստվում է երեք համերգի Շվեյցարիայում, որտեղ հանդես կգա երիտասարդ հայ քանոնահար Նարեկ Կազազյանը, ով «Եվրատեսիլ-2012–ի երիտասարդ երաժիշտներ» մրցույթում զբաղեցրեց երրորդ տեղը, ինչպես նաև նախապատրաստվում է մայիսին կայանալիք «Ազգային պատկերասրահ» տասներորդ միջազգային երաժշտական փառատոնի անցկացմանը։ -0-