«Ոսկե ծիրան» տասնմեկերորդ միջազգային կինոփառատոնը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովին

26.02.2014, 17:32
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2014 թվականին նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։
«Ոսկե ծիրան» տասնմեկերորդ միջազգային կինոփառատոնը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովին

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2014 թվականին նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։

Այս տարի կնշվի հայտնի կինոռեժիսորի ծննդյան 90–ամյակը։

«Այս տարի, բացի ավանդական և արտամրցութային ծրագրերից, մենք կներկայացնենք Փարաջանովին նվիրված մի քանի ծրագիր»,– հայտնեց Խաչատրյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա միաժամանակ ավելացրեց, որ ծրագրվում է ինչպես ռեժիսորի նկարահանած ֆիլմերի, այնպես էլ վարպետի կյանքին և գործունեությանը նվիրված ժապավենների ցուցադրություն։

Աշխարհահռչակ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը համաշխարհային ճանաչում է ստացել նոր կինոլեզվի որոնման շնորհիվ նորարարական այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը»։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: -0-