ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում փետրվարի 22–ից մարտի 16–ն անցկացվող բրիտանական ֆիլմերի 12–րդ փառատոնը նվիրված կլինի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց ակտուալ ներառական և հաղորդակցության խնդիրներին, տեղեկացրեց Հայաստանի Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։
Փառատոնի շրջանակում, որը կազմակերպվել է Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից Մեծ Բրիտանիայի դեսպանատան, ՅՈՒՆԻՍԵՖ—ի և «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ, նախատեսվում է ցուցադրել վերջին տարիներին բրիտանացի կինեմատոգրաֆիստների ստեղծած ինը ֆիլմ։
Փառատոնը կմեկնարկի փետրվարի 22–ին «Մոսկվա» կինոթատրոնում «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությամբ, որը ստեղծվել է Ջոնաթան Սմիթի վեպի հիման վրա։ Ֆիլմերը կցուցադրվեն անգլերեն տարբերակով և հայերեն ենթագրերով Երևանի «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Միայն մեկ օր` փետրվարի 28–ին, «Սինեմա Սթար» կինոթատրոնում կցուցադրվի մեկ ֆիլմ։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։
«Բրիտանական ֆիլմերի փառատոնը լավ հնարավորություն է ներկայացնել հայ հանդիսատեսին լավագույն բրիտանական կինոպրեմիերաներն ու կապ հաստատել հայ և բրիտանացի կինոարտադրողների միջև։ Բացի այդ, փառատոնի թեման այս տարի թույլ է տալիս բարձրացնել հասարակությանը հուզող որոշ հարցեր», – հինգշաբթի ասուլիսի ընթացքում ասաց Սարիբեկյանը։
Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի տնօրենը նշեց, որ սահմանափակ հնարավորություններով մարդկանց սոցիալական ինտեգրման խնդիրը միշտ նրանց ուշադրության կենտրոնում է։
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում փառատոնի նկատմամբ մեծ հետաքրքրության կապակցությամբ բրիտանական ֆիլմերը կցուցադրվեն նաև մարզերում։ Գավառում, Գորիսում և Գյումրիում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7–16–ը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին ընդգծեց, որ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց ինտեգրման խնդիրը ընկերության սոցիալական քաղաքականության բաղկացուցիչ մասն է։
«Այս տարի աջակցելով բրիտանական ֆիլմերի փառատոնին` մենք փորձում ենք ուշադրություն գրավել հատուկ պահանջներ ունեցող մարդկանց ինտեգրման հարցին, մասնավորապես` շփման ժամանակ դժվարություններին։ Ավելին, առաջիկա փառատոնն ակտուալ է ոչ միայն իր սոցիալական բաղկացուցիչով, այն նաև հնարավորություն է ընձեռում բացահայտել տաղանդավոր երիտասարդների, ովքեր ազդակ կհաղորդեն հայկական կինոարվեստին», – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենը։
Փառատոնի շրջանակում լավագույն գրախոսության ավանդական մրցույթ կանցկացվի, որի հաղթողին կհանձնվի iPad Air պլանշետ։ Կինոդիտումների ժամանակացույցին և ֆիլմացանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։ –0–