Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի տարածմամբ կզբաղվի Ֆիլմերի վաճառքով զբաղվող համաշխարհային ճանաչում ունեցող Insomnia ընկերությունը, հայտնեց ՀՀ ազգային կինոկենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզան Բագրատունյանը:
«Հայկական կինոյի պատմության մեջ առաջին անգամ Կաննում ստորագրվեց ֆիլմի համաշխարհային տարածման պայմանագիրը, որի համաձայն Insomnia ընկերությունն իր վրա վերցրեց հինգ տարի ժամկետով «Խճճված զուգահեռներ» ֆիլմի մատակարարման պարտավորությունները»,- չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Բագրատունյանը:
«Խճճված զուգահեռներ» հայ-նորվեգական-գերմանական արտադրության ֆիլմը նկարահանվել է 2009թ.-ին: Կինանկարի գլխավոր դերերը կատարել են նորվեգացի դերասանուհի Սիրի Հելեն Մյուլերը և ֆրանսիացի դերասան, հայկական ծագումով ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը:
2009թ.-ին ֆիլմը Օրենբուրգում «Արևելք-Արևմուտք» միջազգային կինոփառատոնին արժանացել է լավագույն կնոջ դեր անվանակարգի մրցանակին և ներկայացվել է մի շարք միջազգային կինոփառատոների:
Նա նշեց նաև, որ այս տարի Կաննում հայկական պատվիրակությունն առաջին անգամ չեխական, ուկրաինական և բելառուսական կինոընկերությունների հետ կինոարտադրության ոլորտում համատեղ համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանագրեր է նախաստորագրել:
Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն իր հերթին նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանը փաստացիորեն գերիշխում է ԱՊՀ երկրների շրջանում՝ միջազգային կինոշուկաներում ներկայացված ֆիլմերի քանակով:
Ըստ նրա, մասնավորապես հայկական պատվիրակությունն արդեն մշտական տաղավարներ ունի Կաննի և Մոսկվայի միջազգային կինոփառատոնի կինոշուկայում: -0-