Վալերի Գերգիևը հայտնեց ՀՀ նախագահին, որ միշտ ուրախ է այցելել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, որ միշտ ուրախ է այցելել Հայաստան, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից:
Նախօրեին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացված Սանկտ Պետերբուրգի Մարիինյան լեգենդար թատրոնի համերգը Վալերի Գերգիևի գլխավորությամբ նշանավորեց Հայաստանի անկախության 20-ամյակին և Էրեբունի-Երևանի 2793-ամյակի տոնական միջոցառումների մեկնարկը:
Աշխարհահռչակ դիրիժորն ընդգծել է, որ Հայաստանն իր կյանքում խաղացել և այժմ էլ խաղում է մեծ ու շատ կարևոր դեր և անչափ ուրախ է, որ կարող է հրաշալի տոնի մի մասնիկը լինել, շփվել հայ հանդիսատեսի հետ:
Վալերի Գերգիևը նշել է, որ մեծագույն հաճույքով է հիշում Հայաստանում անցկացրած տարիներն ու միշտ ուրախ է այցելել Հայաստան:
Նախագահն իր հերթին նշել է, որ Հայաստանում սիրում և սպասում են Վալերի Գերգիևին՝ համարելով նրան հայ ժողովրդի բարեկամը:
«Հինգ տարի Դուք ղեկավարել եք Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը: Դա նշանակում է, որ Ձեր կյանքի հինգ տարիները նվիրել եք մեր երաժշտությանը, մշակույթին: Շատ ուրախ ենք, որ Դուք Հայաստանում եք ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնական օրերինե,-ասել է նախագահը:
Հայաստանն անկախության 20-րդ տարեդարձը նշում է սեպտեմբերի 21-ին: -0-