Լատվիայի նախագահը Ռիգայի դղյակում ընդունել է «Նոր ալիքի» կազմակերպիչներին

29.07.2011, 13:30
Լատվիայի նախագահը Ռիգայի դղյակում ընդունել է «Նոր ալիքի» կազմակերպիչներին

Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը հինգշաբթի Ռիգայի դղյակում ընդունել է «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի կազմակերպիչներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Բերզինշի հետ հանդիպմանը եկել էին մրցույթի ժյուրիի համանախագահներ ռուսաստանցի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն ու նրա լատվիացի ավագ գործընկեր Ռայմոնդ Պաուլսը, մրցույթի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Շենկմանը, «Նոր ալիքի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևը, ինչպես նաև հումորիստ Մաքսիմ Գալկինն ու երգչուհի Լայմա Վայկուլեն:

Հանդիպման ժամանակ Լատվիայի նախագահը նշել է, որ «Նոր ալիք» մրցույթը շատ կարևոր է հանրապետության համար, և ինքը շահագրգռված է, որ մրցույթը կազմակերպվի նաև ապագայում: Շենկմանի խոսքերով՝ չնայած ԶԼՄ-ներում տեղի գտած ասեկոսեներին՝ «Նոր ալիքը» չի պատրաստվում Յուրմալայից տեղափոխվել այլ կուրորտային քաղաք: Հաջորդ տարի մրցույթը կրկին կանցկացվի Լատվիայում:

Մրցույթն անցկացվում է Յուրմալայում հուլիսի 26-31-ը: Ամեն տարի «Նոր ալիքը» թույլ է տալիս հանդիսատեսին և միլիոնավոր հեռուստադիտողների տեսնել նոր տաղանդներ, որոնցից մի քանիսը ժամանակի ընթացքում դառնում են իսկապես հայտնի արտիստներ:

Տարբեր տարիների «Նոր ալիքը» «բացահայտել է» Դիմա Բիլանին, Smash դուետին, Անաստասիա Ստոցկայային, Իրինա Դուբցովային, Պոլինա Գագարինային, վրացի Սոֆիկոյին և երգիչ Ինտարս Բուսուլիսին, ով ներկայացնում էր Լատվիան 2009 թ.-ի Եվրատեսիլին:

Բերզինշը զբաղեցրել է Լատվիայի նախագահի պաշտոնը հուլիսի 8-ին: Մինչև այդ երկիրը ղեկավարում էր Վալդիս Զատլերսը:-0-