Չայկովսկու մրցույթի հայ մասնակցին վիրավորած դիրիժորն արձակուրդ է վերցրել

27.06.2011, 16:43
Չայկովսկու մրցույթի հայ մասնակցին վիրավորած դիրիժորն արձակուրդ է վերցրել
Չայկովսկու մրցույթի հայ մասնակցին վիրավորած դիրիժորն արձակուրդ է վերցրել

Ռուսաստանի Սվետլանովի անվան Պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (ՊԱՍՆ) գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշթեյնը, ով վիրավորել էր Չայկովսկու անվան մրցույթի հայ մասնակից Նարեկ Հախնազարյանին, արձակուրդ է վերցրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նախորդ շաբաթ օրը թավջութակահարների մրցույթի փորձի ժամանակ, որը հեռարձակվում էր մրցույթի կայքում, Գորենշթեյնն իր անձնակազմի երաժիշտների հետ զրույցի ընթացքում Հախնազարյանի հասցեին օգտագործել է «այս աուլը» արտահայտությունը։

Չայկովսկու անվան մրցույթի կազմկոմիտեն Գորենշթեյնի վարքն ու խոսքերը վիրավորական է համարել։
«Կարծում ենք, որ մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսքերը քայքայում են ստեղծագործական մթնոլորտը, որի ստեղծմանը մենք շատ ջանք ենք գործադրում։ Չայկովսկու մրցույթը կոչված է աջակցել երիտասարդ երաժիշտներին, և դա պարտավորեցնում է մրցույթի կազմակերպիչներից և մասնակիցներից յուրաքանչյուրին անկեղծ հարգանք և ուշադրություն ցուցաբերել տաղանդավոր երիտասարդության նկատմամբ»,- նշվում է կազմկոմիտեի հայտարարության մեջ։

ՊԱՍՆ-ի տեղեկության համաձայն, հանրային լայն արձագանքից հետո Գորենշթեյնը ներողությունն է հայտնել երաժշտին, վերջինը ընդունել է ներողությունը։

Քսաներեքամյա Նարեկ Հախնազարյանն անցել է մրցույթի եզրափակիչ։ -0-