Հայկական խաչքարերի ցուցահանդեսը կբացվի Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-Ի կենտրոնակայանում

15.06.2011, 19:50
Հայկական խաչքարերի ցուցահանդեսը կբացվի Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-Ի կենտրոնակայանում
Հայկական խաչքարերի ցուցահանդեսը կբացվի Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-Ի կենտրոնակայանում

«Խաչքարի արվեստ` հայկական սուրբ քարեր» խորագրով ցուցահանդեսը կբացվի չորեքշաբթի Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, ասվում է ՀՀ մշակույթի նախարարության կայքում:

Հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսը ներկայացնում է  հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության դրսևորման անկյունաքարերից մեկը` խաչքարի մշակույթը` «Խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ազգային արժեքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցվելու կապակցությամբ:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը:

Ցուցադրությունում ներառվել են տարբեր ժամանակներում և պատմական Հայաստանի տարբեր շրջաններում կերտված լավագույն խաչքարերի շուրջ 60 լուսանկարներ, ինչպես նաև խաչքարային մշակույթի տարածման արեալներն ընդգրկող քարտեզ ու խաչքարի մշակույթը լուսաբանող գիտական բացատրագրեր:

Բացի այդ, այցելուների համար հրատարակվել է նաև ցուցահանդեսի կատալոգը` անգլերեն և ֆրանսերեն լեզուներով:

Ցուցահանդեսի ընթացքում նկարիչ-քանդակագործ Ռոբերտ Մինասյանը տեղում` քարի վրա աշխատելով այցելուներին կներկայացնի խաչքարի կերտման տեխնիկան ու վարպետությունը
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում Փարիզ են մեկնել նաև Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը, նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը:

Միջոցառմանը կմասնակցի նաև Փարիզից արվեստի պատմության դոկտոր Պատրիկ Դոնաբեդյանը:

Այս օրերին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կընթանա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 35-րդ և «Մշակութային ինքնաարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի նստաշրջանները, որոնց կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցող 100-ից ավելի պետությունների ներկայացուցիչներ: -0-