«Թատրոն Х» հայկական փառատոնի երկրորդ, մարզային փուլն է մեկնարկում ապրիլի 12-ին Վանաձոր քաղաքի Հովհաննես Աբելյանի անվ. Պետական դրամատիկական թատրոնում՝ Ժան Պոլ Սարտրի «Առաքինի պոռնիկ» պիեսի բեմադրությամբ, հաղորդեց փառատոնի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը:
«Թատրոն Х» ամենամյա չորրորդ հանրապետական փառատոնն անցկացվում է մարտի 21-ից ապրիլի 28-ը, միջոցառմանը մասնակցում են ավելի քան 30 թատերախմբեր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
«Թերևս մեծագույն նվաճումը, որ մենք արձանագրեցինք փառատոնի մայրաքաղաքային փուլի ընթացքում, բանավեճերի կուլտուրայի ձևավորումն է»,- ասաց Խզմալյանը երկուշաբթի «Թատրոն Х» փառատոնի առաջին փուլի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
Ընդունված ձևաչափի համաձայն, յուրաքանչյուր ներկայացումից հետո բաց քննարկումներ են անցկացվել ոլորտի մասնագետների՝ ռեժիսորների, թատերական քննադատների, պրոդյուսերների, դերասանների, բանասերների և լրագրողների մասնակցությամբ:
Թատերագետի խոսքերով, մայրաքաղաքային փուլի գլխավոր բացահայտումներ դարձան Երևանի թիվ 27 դպրոցի և Վ. Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանի սիրողական թատերախմբերը, ինչպես նաև «Ագորա» թատերախմբի դերասանուհի Նարինե Գրիգորյանը: Գլխավոր հերոսուհու նրա կատարումը Դարիո Ֆո և Ֆրանկխի Ռամեի «Ազատ զույգ» պիեսի բեմադրությունում միաձայն լավագույնն է համարվել կազմկոմիտեի և փառատոնի ժյուրիի կողմից:
Խզմալյանը միաժամանակ նշեց, որ գրեթե բոլոր բեմադրությունների հիմնական խնդիրը թատերական պատշաճ կրթության բացակայությունն էր:
«Հիմնականում դա Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բացն է: Երիտասարդ դերասանները մոռանում են, որ խաղը պետք է կառուցվի հիմնական կուլմինացիոն պահերի շուրջ: Նրանք սկսում են խաղալ զգայական մեծ ներուժով, իսկ 20 րոպե անց արդեն դատարկվում են ու արդեն պիսեի ավարտից առաջ դերասանը, արդեն սպառելով իր էներգիան, բեմում էական ոչինչ չի անում»,- ավելացրեց նա:
Թատերագետ, փառատոնի փորձագետների կոմիտեի անդամ Լևոն Մութաֆյանն իր հերթին հայկական թատերական իրողության՝ փառատոնում վերհանած թերությունների թվում նշեց այն փաստը, որ այսօր թատրոնում փորձեր են դնում միայն 50-ից բարձր տարիքի մարդիկ:
Ինչպես ասաց Մութաֆյանը, փառատոնում ներկայացված աշխատանքների 90 տոկոսը տուժում էին ռեժիսորի անգրագիտությունից: «Այսօր Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը շատ բան ունի անելու նոր կադրերի, ոչ միայն ռեժիսորների և դերասանների, այլ նաև թատերական քննադատների պատրաստման համար»,- ընդգծեց նա:
Բանախոսներն ընդգծեցին նաև հայկական դպրոցներում և բուհերում հայկական սիրողական թատերախմբերի ձևավորման կարևորությունը, ինչը թույլ կտա լուծել բազմաթիվ խնդիրներ, առաջին հերթին, երիտասարդության հաղորդակից լինելը մշակութային կյանքին:
«Թատրոն Х» փառատոնը կազմակերպվել է Հայաստանի թատերական գործիչների միության կողմից և անցկացվում է հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի մարզային փուլի մասնակիցներն են՝ Վ. Աճեմյանի անվ. Պետական դրամատիկական թատրոնը (Գյումրի), Հրազդանի քաղաքային դրամատիկական թատրոնը (ք. Հրազդան), Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվ. դրամատիկական թատրոնը, Համո Խարազյանի անվ. Պետական դրամատիկական թատրոնը (Արտաշատ), Աբովյան քաղաքի դրամատիկական թատրոնը, Վ. Վաղարշյանի անվ. Պետական դրամատիկական թատրոնը (Գորիս), Ա. Շիրվանզադեի անվ. Պետական դրամատիկական թատրոնը (Կապան քաղաք), Վ. Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը (ԼՂՀ, Ստեփանակերտ), «Նարեկացի» Արվեստի միավորման թատերախումբը (Շուշի, ԼՂՀ):-0-