Հայտնի երգչուհի Սառա Քոնորի համերգը Երևանում հետաձգվել է կազմակերպչական պատճառներով. պրոդյուսեր

Աշխարհահռչակ գերմանացի փոփ-աստղ Սառա Քոնորի համերգը հետաձգվել է կազմակերպչական պատճառներով, ասաց համերգի կազմակերպչական հարցերով զբաղվող «VH» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Վահե Հարությունյանը:
Քոնորի համերգը պետք է տեղի ունենար փետրվարի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն տեղափոխվել է մարտի 8-ին:
«Համերգը հետաձգվել է կազմակերպչական, տեխնիկական պատճառներով, այլ ոչ թե տեխնիկայի պատճառով... խնդիրը կենտրոնի ղեկավարության փոփոխության հետ էր կապված», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը:
Ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ների տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե Սառա Քոնորի համերգը չեղյալ է հայտարարվել այն պատճառով, որ երգչուհին մի շարք տեխնիկական պահանջներ է ներկայացրել:
Այս ամենի կապակցությամբ Հարությունյանը նշեց, որ ՄՀՀ-ի տեխնիկական սարքավորումներն ամբողջովին համապատասխանում են համաշխարհային մեծության աստղերի համերգների անցկացման պահանջներին:
Պրոդյուսերի խոսքով՝ Քոնորը երևանյան հանդիսատեսին կներկայացնի վեց հիթ, նույնքան երգ կկատարեն Սիրուշոն և Արա Մարտիրոսյանը:
Պատմելով երգչուհու հետ բանակցությունների մասին՝ Հարությունյանը նշեց, որ բանակցությունները, ինչպես համաշխարհային բոլոր աստղերի դեպքում, տևում են շուրջ 10-15 օր, սակայն միաժամանակ նշեց երգչուհու համեստ պահանջներն ու պրոֆեսիոնալիզմը:
Այս ամենի կապակցությամբ պրոդյուսերն ավելացրեց, որ համաշխարհային մեծության աստղերի հետ ավելի հեշտ է համագործակցել, քան հայրենական որոշ աստղերի հետ:
Ավելի քան երկու ժամ տևողությամբ համերգի տոմսերի արժեքը 3-30 հազար դրամ է (8,2-շուրջ 82 դոլար):
Նա նշեց, որ սկզբում համերգին պետք է մասնակցեին միայն հայրենական աստղերը, սակայն ավելի ուշ պրոդյուսերական կենտրոնը փոխել է ծրագիրը:
Աշխարհահռչակ գերմանացի փոփ-երգչուհի և երգերի հեղինակ Սառա Քոնորը (Sarah Connor) առաջին անգամ հանդիսատեսին ներկայացել է 2001թ.-ին Ռոբ Թայգերի (Rob Tyger) և Քեյ Դենարի (Kay Denar) հետ զուգերգով և դարձել է առաջինը, ով երբևէ անընդմեջ գլխավորել է German Media Control singles chart-ի առաջին չորս տեղերը: Եվրոպայում «From Sarah with Love» հիթի հաջողության շնորհիվ նա դարձել է 2000-ականների սկզբի ամենահաջողակ գերմանացի փոփ-երգչուհիներից մեկը:-0-