Մաքսիմ Վենգերովը կարող է գլխավորել Երևանի երաժշտական մրցույթի ժյուրիի կազմը. ՀՀ մշակույթի նախարարություն

18.02.2011, 19:27
Մաքսիմ Վենգերովը կարող է գլխավորել Երևանի երաժշտական մրցույթի ժյուրիի կազմը. ՀՀ մշակույթի նախարարություն

Համաշխարհային ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովը, հնարավոր է, 2012թ.-ին գլխավորի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթի ժյուրի կազմը, ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովը փետրվարի 22-ին առաջին անգամ համերգներով ելույթ կունենա Երևանում՝ ՀՀ պետական երիտասարդական նվագախմբի հետ: Համերգի ընթացքում կհնչեն Ռիմսկի-Կորսակովի և Սիբելիուսի ստեղծագործությունները:

«Արամ Խաչատրյանի անվամ մրցույթին ականավոր երաժշտի մասնակցությունը՝ որպես ժյուրիի նախագահ, ողջ աշխարհում կբարձրացնի Հայաստանում անցկացվող միջոցառման մակարդակը»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը:

Մշակույթի նախարարը նաև բարձր գնահատեց այն փաստը, որ Վենգերովը Հայաստան է ժամանել համերգից մեկ շաբաթ առաջ՝ հայ երաժիշտների հետ փորձեր և վարպետության դասեր անցկացնելու համար:
Բացի այդ, Պողոսյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի ջութակահարը դասընթացներ կանցկացնի Երևանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի  (ՅՈՒՆԻՍԵՖ) հայկական գրասենյակի մանկական նվագախմբի հետ:
Ականավոր ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում փետրվարի 22-ին։

Մաքսիմ Վենգերովը ժամանակակից առավել դինամիկ և բազմակողմանի երաժիշտներից է։ Աշխարհահռչակ ջութակահար լինելով՝ նա բազմիցս ելույթ է ունեցել համաշխարհային բեմերում հայտնի դիրիժորների ղեկավարությամբ և համագործակցել լավագույն երաժիշտների և նվագախմբերի հետ։
Վենգերովը միջազգային մի շարք երաժշտական մրցանակների դափնեկիր է, հեղինակավոր պարգևների մրցանակակիր, որոնց թվում են՝ երկու Grammy, չորս Gramophone Award UK, չորս Edison Award, երկու Echo Klassik Award, Amadeus Prize Best Recording, Brit Award, Prix de la Nouvelle,  Academie du Disque  Victoires de la Musique,  Siena Prize of the Accademia Musicale,  երկու Diapason d’Or,  RTL d’OR, Grand Prix Des Discophiles, Ritmo.

Նրա մասնակցությամբ նկարահանվել են բազմաթիվ երաժշտական ֆիլմեր։
1997 թվականից Վենգերովը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնակատար է։ -0-