ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դերասանները, ովքեր իրենց դերակատարությունն ունեին «Լուսնային հրեշ» ներկայացման մեջ, պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գևորգ Մինասյանը:
Հաղորդագրության համաձայն, ներկայացման հոբելյանական՝ հարյուրերորդ ներկայացումից հետո, թատրոնի բեմահարթակում դերասաններին մեդալներ է հանձնել Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Ռիչարդ Գիրագոսյանի «Լուսնային հրեշ» պիեսի պրեմիերան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությամբ, կայացել էր 2005թ.-ի ապրիլին Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում:
Հայոց ցեղասպանության հերթական հոբելյանին նվիրված պիեսը, որը նվիրված է ցեղասպանությունից փրկված հայերին, ովքեր հոգում սեր, գութ ու մարդասիրություն են կրում, հանդիսատեսին է ներկայացվում մինչ այսօր:
Նշենք, որ գլխավոր դերերում հանդես եկող Յուլիա Կոլեսնիչենկոն և Պյոտր Ուգրյումովը նույն տարի «Տարվա լավագույն դուետ» անվանակարգում արժանացել են նաև «Չայկա» հեղինակավոր մրցանակին:
Հարյուրերորդ ներկայացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի գլխավոր ռեժիսորը, ինչպես նաև Երևանի Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը:-0-