Հայկական միջազգային երկրորդ «Կարոտ» փառատոնը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 23-27-ը

18.11.2009, 12:00
Հայկական միջազգային երկրորդ «Կարոտ» փառատոնը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 23-27-ը
Հայկական միջազգային երկրորդ «Կարոտ» փառատոնը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 23-27-ը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական միջազգային երկրորդ «Կարոտ» փառատոնը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 23-27-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանը:

««Կարոտ» հայկական երկրորդ փառատոնի շրջանակներում կանցկացվի Նիկոլայ և Ալեքսեյ Ագեևների «XX  դարի կուռքերը. Հայաստանի լեգենդները» լուսանկարների ցուցահանդեսը, կկազմակերպվի հանդիպում-երեկո ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետ և տեղի կունենա նրա «Պատռված ժամանակ» գրքի շնորհանդեսը», - տեղեկացրեց Իգիթյանը:

Նրա խոսքերով՝ փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև Բելառուսի հայկական համայնքի «Կարոտ-Միասին» փառատոնի հաղթողների գալա-համերգը, Աշուղ Ջիվանու ստեղծագործական երեկոն և նրա անհայտ ստեղծագործությունների  հավաքածուի շնորհանդեսը, որոնք ուսումնասիրվել և առաջին անգամ ներկայացվել են ՀՀ վաստակավոր արտիստ, «Սայաթ-Նովա» համույթի ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի կողմից:

Ինչպես տեղեկացրեց Իգիթյանը, նոյեմբերի 23-ը Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի Փառքի սրահում հանդիսավոր կերպով կբացվի ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, ԽՍՀՄ հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Իսահակյան) կիսանդրին:

Ինչպես տեղեկացրեց փառատոնի նախագահը, նախորդ տարվա պես «Կարոտի» գլխավոր իրադարձությունը կդառնա քաղաքականության, մշակույթի, արվեստի, սպորտի հռչակավոր գործիչներին «Կարոտ» մրցանակի հանձնման արարողությունը, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տանը:

«Այս տարի Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի որոշմամբ՝ «Կարոտ» մրցանակին (Ֆրիդրիխ Սողոյանի կողմից պատրաստված բրոնզե արձանիկին)  արժանացել են Նիկոլայ Ռիժկովը, Վլադիմիր Սպիվակովը, Արթուր Աբրահամը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, Յուրի Վարդանյանն ու այլ գործիչներ», - ասաց Իգիթյանը:

«Կարոտ» փառատոնի կազմակերպիչն է Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամը:

Հայկական մշակութային առաջին  «Կարոտ» փառատոնը տեղի է ունեցել Մոսկվայում 2008թ. մայիսին: Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել մեկ տասնյակից ավելի միջոցառումներ:--0--