Վիգեն Մնոյանի լուսանկարների ցուցահանդեսով կբացվի «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» փառատոնը

17.09.2008, 14:42
Վիգեն Մնոյանի լուսանկարների ցուցահանդեսով կբացվի «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» փառատոնը
Վիգեն Մնոյանի լուսանկարների ցուցահանդեսով կբացվի «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» փառատոնը

Հայ լուսանկարիչ Վիգեն Մնոյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Մշակույթի գենոֆոնդ» անվանումով, կանցկացվի սեպտեմբերի 20-ին՝ Երևանի Մանկական գեղագիտական կենտրոնում՝ «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» արվեստի միջազգային երրորդ փառատոնի շրջանակներում, տեղեկացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Կարեն Շահգալդյանը։

«Ամեն տարի մենք փորձում ենք ընդլայնել փառատոնի անցկացման շրջանակները ոճային առումով, զուր չէ, որ մենք արվեստի փառատոն ենք կոչվում», - ասաց Շահգալդյանը չորեքշաբթի Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։ Նա նշեց, որ լուսանկարների ցուցահանդեսը կնշանավորի փառատոնի բացումը։

Նրա խոսքերով, ցուցահանդեսի անվանումը պատահական չէ ընտրված. իր աշխատանքներում հեղինակը պատկերել է գիտության և արվեստի հայտնի գործիչներին։ «Դրանք հիանալի մարդիկ են, որոնք նման չեն մյուսներին։ Հենց նրանք են մեր ապագան, և մենք պետք է նրանցից օրինակ վերցնենք», - նշեց գեղարվեստական ղեկավարը։

Շահգալդյանի կարծիքով, Մնոյանի աշխատանքների շնորհիվ ցուցահանդեսի այցելուները կարող են հետաքրքիր բացահայտումներ անել։ «Այս հիանալի մարդկանցից շատերին մենք արդեն չգիտենք, այդ պատճառով էլ ցուցահանդեսի նպատակներից մեկը նրանց մասին հիշատակումն է», - ասաց նա։

«Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» արվեստի միջազգային երրորդ փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը։ Փառատոնի շրջանակներում Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում, ինչպես նաև Ղարաբաղում նախատեսված է դասական երաժշտության համերգաշարերի, ինչպես նաև «Արվեստի երեկոյի» անցկացում։

Փառատոնն անցկացվում է ՎՏԲ-Հայաստան բանկի հովանավորությամբ և «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալության տեղեկատվական աջակցությամբ։-0-