ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2008թ. սեպտեմբերից հայկական հեռուստաալիքներից մեկը՝ «Նոր ալիքը» վերակազմավորվելու է որպես մշակութային ալիք, ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։
«Ալիքի անվանումը կմնա անփոփոխ, սակայն ծրագրերը նշանակալի փոփոխություն կկրեն»,- տեղեկացրեց նա լրագրողներին երեքշաբթի՝ Երևանում, ավելացնելով, որ հաջորդ տարվա սկզբից ալիքը հասանելի կլինի հանրապետության ողջ տարածքում։
Հարությունյանի խոսքով, հեռարձակման ձևաչափով այս ալիքը նման կլինի ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքին կամ BBC մշակութային ալիքներին, իսկ նոր ալիքով հեռարձակվող հեռուստահաղորդումների սպեկտրը բավական ընդարձակ է լինելու։
Նա նշեց, որ առաջին հերթին «Նոր ալիքը» հաղորդելու է մշակութային նորություններ, ինչպես նաև փաստավավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ կհեռարձակի Հայաստանի պատմության, մշակույթի, գրականության և ճարտարապետության մասին։
«Բացի այդ, նախատեսվում է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության բարձրորակ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև ռուս դասական գրողների ստեղծագործությունների, մասնավորապես՝ «Վարպետը և Մարգարիտան», «Դոկտոր Ժիվագո», «Եսենին», «Մեր օրերի հերոսը» գործերի հիման վրա նկարահանված ռուսական սերիալների ցուցադրություն։
Հարությունյանը նաև ավելացրեց, որ այդ հեռուստաալիքով նախատեսվում է ցուցադրել երաժշտական ծրագրեր, որոնց ընթացքում հնչելու են դասական երաժշտության հայտնի ստեղծագործություններ։--0—