ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի երեկոյան Երևանում տեղի ունեցավ «Որոգայթ» քրեական դրամայի պրեմիերան։
Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է։ Ֆիլմում հանդես են եկել հայտնի դերասաններ Հարություն Մովսիսյանը, Արթուր Դարբինյանը, Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Ելենա Բորիսենկոն, Սարգիս Գրիգորյանը և ուրիշներ։ Ֆիլմը նկարահանվել է 2010 թ.–ին Հայաստանում հայտնի համանուն սերիալի մոտիվներով։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են զուգահեռաբար երկու ժամանակահատվածներում` 1980 և 2015 թթ.–ին։ Երիտասարդ տաղանդավոր նկարիչ և բռնցքամարտիկ Հովիկը դատապարտվում է չորս տարվա ազատազրկման խուլիգանների հետ վեճի պատճառով, որոնցից մեկը ազդեցիկ մարդու որդի է։ Արդյունքում կորցնելով սիրած աղջկան և պատրանքները` ֆիլմի հերոսը, հայտնվելով ազատության մեջ, կրկին բախվում է դժվարին ընտրության հետ։ Այս անգամ, պաշտպանելով ընկերոջը, նա դառնում է մարդասպան։
Այնուհետև գործողությունները տեղափոխվում են մեր օրեր։ Հայաստանի քրեական աշխարհի կնքահայրը, որը, թվում է, թե ամեն ինչ ունի` երջանիկ լինելու համար, իրականում շատ միայնակ է և դժբախտ։
Չնայած, որ ֆիլմը փոքր–ինչ ձգձգված է, ստեղծողներին չի կարելի մեղադրել էֆեկտային տեսարանների և դրայվի բացակայության մեջ։ Ֆիլմում ներկայացված է մաֆիայի մասին պատմող կինոնկարների ողջ ներկապնակը` գողական «սխոդկաներ», փոխհրաձգություններ, պայթյուններ և այլն։
Այդուհանդերձ, ֆիլմի` գլխավոր հերոսի համար համեմատաբար երջանիկ ավարտն այն փաստի ապացույցն է, որ «Որոգայթ» ֆիլմի ստեղծողների ուղերձն այն է, որ հույսը չի կարող մահանալ, իսկ հերոսը, չնայած բարդ հանգամանքներին, որոնցում նա ակամայից հայտնվում է և որոնց հետևանքները փոխում են նրա կյանքը, փորձում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։
Ինչպես նշեց «Որոգայթ» ֆիլմի գլխավոր դերակատար Հարություն Մովսիսյանը, հեշտ չէ կերտել քրեական հեղինակության կերպարը։
«Դժվար է խաղալ քրեական հեղինակության դեր, որն ունի բազմաթիվ դրական գծեր։ Սակայն ես, որպես դերասան, հուսով եմ` բավականին ճկուն եմ եղել», – ասաց նա։
Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Ռոման Մուշեղյանը կոչ արեց չփնտրել ֆիլմի հերոսների իրական նախատիպեր, ինչպես նաև զուգահեռներ չանցկացնել իրականում գոյություն ունեցող մարդկանց և իրավիճակների հետ։ Նա կարծում է, որ ֆիլմն ունի նաև դիդակտիկ նշանակություն։ Մասնավորապես, ֆիլմն անդրադառնում է հայրենասիրության թեմային։ Ներկայացում է, թե ինչպես կարելի է խուսափել բարդ իրավիճակներից։
««Որոգայթ» ֆիլմը հայկական քրեական դրամա է, որում ներկայացված է Հայաստանի նորագույն պատմությունը։ Եթե խոսենք ավելի կոնկրետ, ապա ֆիլմը պատմում է մի մարդու մասին, ով, հանգամանքներից ելնելով, հայտնվում է որոգայթում և փորձում ազատվել այնտեղից», –ասաց նա։
Ինչ վերաբերում է համաշխարհային նմանատիպ ֆիլմերի հետ «Որոգայթը» համեմատելուն, ապա, նրա խոսքով, Հոլիվուդում, օրինակ, այս թեմայով նկարահանված շատ ֆիլմեր կան, սակայն «Որոգայթը» զուտ հայկական պատմություն է։
Նրա խոսքով` ֆիլմի բյուջեն կազմել է ավելի քան 400 հազար դոլար։ Նախատեսվում է վարձույթ կազմակերպել Երևանում, Գյումրիում և Մոսկվայում։
Ֆիլմը, անխոս, կարժանանա բազմաթիվ քննադատությունների, ստեղծողներին կարող են մեղադրել ինչպես ճաշակի բացակայության, այնպես էլ սյուժեի անճշմարտացիության մեջ։ Այդուհանդերձ, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հասարակ մարդկանց միշտ հետաքրքրել է քրեական աշխարհը։ Նման ֆիլմերը հնարավորություն են տալիս գոնե մի ակնթարթ նայել իրենց համար օտար աշխարհին։ Ինչ վերաբերում է լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի որակին, ապա այստեղ, ինչպես ասվում է, ով ավելի լավ կարող է նկարահանել, թող անի դա...Ամեն դեպքում, պետք է որոշի հանդիսատեսը։–0–