Թուրքիան ԱՄՆ–ի հետ ստորագրած համաձայնագրով ստացել է իրավունքներ տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության նկատմամբ. ԱՄՆ–ի հայերն ու հույները վրդովված են

20.01.2021, 14:03
Թուրքիան ԱՄՆ–ի հետ ստորագրած համաձայնագրով ստացել է իրավունքներ տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության նկատմամբ. ԱՄՆ–ի հայերն ու հույները վրդովված են
Թուրքիան ԱՄՆ–ի հետ ստորագրած համաձայնագրով ստացել է իրավունքներ տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության նկատմամբ. ԱՄՆ–ի հայերն ու հույները վրդովված են
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի հայկական և հունական համայնքները, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ վրդովված են ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որը Թուրքիային օրինական իրավունք է տալիս տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և այլ փոքրամասնությունների ծավալուն կրոնական–մշակութային ժառանգության նկատմամբ։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ամերիկայի հայ ազգային կոմիտեից (ANCA), այս կատաստրոֆիկ փաստաթուղթը ստորագրվել է Թրամփի վարչակազմի աշխատանքի վերջին ժամերի ընթացքում։

Համաձայնագիրը ստորագրվել է ավելի քան մեկ տարի առաջ Թուրքիայի կառավարության ներկայացրած հայցին ի պատասխան։ Կատեգորիկ բացասական գնահատական են ներկայացրել ANCA–ն, Առաջնորդության հույն–ամերիկյան խորհուրդը, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը (IDC), բազմաթիվ մշակութային և իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` Արվեստի թանգարանների տնօրենների ասոցիացիան, Մշակութային քաղաքականության կոմիտեն (CCP), Գլոբալ ժառանգության դաշինքը (GHA), Պրոֆեսիոնալ դրամագետների միջազգային ասոցիացիան (IAPN):

«Չնայած ANCA–ի, Առաջնորդության հույն–ամերիկյան խորհրդի և IDC–ի բողոքներին, Թրամփի վարչակազմը գնաց այդ անխոհեմ և անպատասխանատու քայլին` լավ գիտակցելով, որ Թուրքիան վերջին երկու հարյուրամյակի ընթացքում բաց և սիստեմատիկ կերպով ոչնչացրել է փոքրամասնություններին` պղծելով նրանց սրբավայրերն ու մաքրելով անգամ հիշողությունը դրանց մասին վաղեմի ու հնագույն հայրենիքից», – ընդգծել է ANCA–ի գործադիր տնօրեն Արամ Համպարյանը։

Դոկտոր Էլիզաբեթ Պրոդրոմուն, ով 2004–2012թթ.–ին աշխատել է ԱՄՆ–ի միջազգային կրոնական ազատության հանձնաժողովում, ստորագրված համաձայնագիրն անվանել է «սյուրռեալիստական պահ ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության մեջ»։

Նա հայտարարել է, որ մշակութային ժառանգության փորձագետների` փաստաթղթավորված ծավալուն վկայությունները կասկած չեն թողնում, որ Թուրքիան այս տարածաշրջանի մշակութային ժառանգության ամենամեծ սպառնալիքն է։

ANCA–ից նշել են, որ չնայած հուշագրի վերջնական տեքստը չի հրապարակվել, Թուրքիան իր հայցում կոչ է անում սահմանափակումներ ներդնել իր տարածքում գտնվող բոլոր դարաշրջանների (սկսած նախապատմական շրջանից մինչև ժամանակակից) արվեստի բոլոր ստեղծագործություններն ԱՄՆ ներկրելու նկատմամբ։–0–