Փարաջանովի գույնի թագավորություն կամ «սովորական հանճար» (ՖՈՏՈ–ՈւՂԵՑՈւՅՑ)

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցն այցելել է հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարան, որն այս տարի նշում է բացման 30–ամյակը։
Թղթակիցը ծանոթացել է հռչակավոր կինոռեժիսորի մասին պատմող հուշագրություններին և պատրաստել է թանգարանի ֆոտո–ուղեցույց` փորձելով փոխանցել Փարաջանովի ստեղծած աշխարհի ոգին։ Ի դեպ, Փարաջանովի թանգարանը Երևանի ամենահայտնի մշակութային կենտրոններից է։ Այնտեղ ցուցադրված է մոտ 1600 ցուցանմուշ։
Քաղաքային անցուդարձից հեռու`բլրի վրա` վեր է խոյանում երկհարկանի տուն` փորագրված փայտե փեղկերով և պատշգամբներով, իսկ բարձր ցանկապատի հետևում երևում են բակում աճող ծառերի գագաթները։ Տան ճակատային հատվածում կախված է մտածկոտ տղամարդու դիմանկար։ Դա Սերգեյ Փարաջանովն է։
Մեծանուն նկարչի թանգարանի վայրն ընտրվել է «Ձորագյուղ» էթնոգրաֆիկ թաղամասում։ 1988թ.–ի երկրաշարժի պատճառով թանգարանի շինարարությունը ձգձգվեց։ Այն բացվեց միայն 1991թ.–ին` Փարաջանովի մահից մեկ տարի անց։ Թանգարանի հարուստ հավաքածուի մի մասը ձեռք է բերվել ցուցահանդեսներից, իսկ մնացածը նվիրել է ռեժիսորը դեռևս կենդանության օրոք։
Ահա և թանգարանի մուտքը` աստիճաններ, հսկա փայտե դռներ և նեղլիկ միջանցք։
Միջանցքով մինչև վերջ քայլելիս հայտնվում ես գողտրիկ բակում, որտեղ ծիրանենի է աճում, որի սաղարթախիտ ճյուղերը պաշտպանում են արևից։
Թանգարանի սպիտակ դուռը բացելով` հայտնվում ես ստեղծագործ մարդու զարմանահրաշ աշխարհում։ Մաեստրոյի մեծ լուսանկարը դիմավորում է հյուրերին։
Երկրորդ սրահի մեջտեղում դրված է սեղան, որի վրա նռով սկուտեղ է։ Այս արևային պտուղը դարձել է ռեժիսորի ինքնատիպ խորհրդանիշը. թանգարանում ամեն ինչ նռան երանգների մեջ է։
Այստեղ ներկայացված է նաև հին կահույք, ձեռագործ արձանիկներ և տիկնիկներ։
Ուշադրություն է գրավում «մանկության սնդուկը», ինչպես այն կոչում էր Փարաջանովը։
Այստեղ ցուցանմուշներն ավելի շատ են։ Վարպետը կարողացել է երկրորդ կյանք հաղորդել հին իրերին` վերածելով դրանք արվեստի նմուշների։ Դրա վառ օրինակներից են հարթ և մեծ կոլաժները, որոնցում օգտագործված են հասարակ առարկաներ` կոճակներ, ուլունքներ, դոմինո, քարտեր, կոտրված սպասքի բեկորներ, բմբուլներ, ժապավեններ, կտորեղեն, լուսանկարների և ամսագրերի հատվածներ։
Գլուխգործոցներից է փղի գլուխը, որին ավելի մոտիկից նայելով` հասկանում ես, որ դա կաշվե պայուսակ է։
Անհնար է չկանգնել վանդակի մեջ ներկայացված կանացի սև կոշիկի առաջ, որը արևելյան կնոջ ճակատագրի խորհրդանիշն է, իսկ հետո գալիս են լուսանկարներ, նկարներ, կոլաժներ, տիկնիկներ, գլխարկներ, էսքիզներ...
Թանգարանի վերջին սենյակն արտացոլում է ռեժիսորի բարդ տարիները, այստեղ ներկայացված են լուսանկարներ, այդ թվում`անազատության մեջ արված նամականիշեր։ Փարաջանովը 15 տարով հեռացվել էր խորհրդային համակարգի կինոյից, որից 1973–1977թթ.–ին և 1982թ.–ն անցկացրել է բանտերում և խիստ ռեժիմի ճամբարներում։ Բայց նույնիսկ գտնվելով անազատության մեջ` վարպետը շարունակում էր ստեղծագործել` նկարել, կարել և պատրաստել կոլաժներ։
Մենք փորձեցինք մանրամասն փոխանցել մեծանուն վարպետի տուն–թանգարանի ոգին և մթնոլորտը, բայց խորհուրդ ենք տալիս անպայման այցելել թանգարան։–0–