ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի համերգը չեղարկվել է։ Այն պետք է տեղի ունենար նոյեմբերի 24–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում։
Ավելի վաղ համերգը հոկտեմբերի 18–ից տեղափոխվել էր նոյեմբերի 24։
«AVM production» ընկերությունը մեծ ափսոսանքով ստիպված է տեղեկացնել, որ Ընկերության կողմից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում 24.11.2019թ նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա: Մեր Ընկերության կողմից կատարվել են համերգի հետ կապված բոլոր նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքները: Սակայն Ընկերությունը բախվել է լուրջ ֆինանսական խնդիրների, որոնք առաջացել են վաճառված տոմսերի համընդհանուր վերադարձի արդյունքում», – նշվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ։
Նրանք նշում են, որ հանդիսատեսի նման վարվելակերպը ընկերությունը թեև չի ողջունում, սակայն փաստում է, որ այն ունի որոշակի օբյեկտիվ պատճառներ:
«Ինչպես բոլորիդ արդեն հայտնի է համատարած գովազդից, Երևանի քաղաքապետարանը Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպում է Գորան Բրեգովիչի բարեգործական համերգը, ինչի պատճառով էլ հետ է վերադարձվել մեր կողմից կազմակերպված համերգի վաճառված տոմսերի հիմնական մասը: Ընկերությունը հայցում է Ձեր ներողամտությունը և տեղեկացնում է, որ վաճառված տոմսերի գումարները Ձեզ ետ կվերադարձվեն մինչև 2019թ. դեկտեմբերի 20-ը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–