ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանը «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնող Թամարա Գաչեչիլաձեն ընդունել է հայ մասնակից Արծվիկի մարտահրավերը:
Մարտի 22–ին
Արծվիկը կոչ արեց «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին երգել հայկական ազգային որևէ երգ։ Առաջինը նա դիմեց գերմանացի գործընկերոջը` կատարելով գերմաներեն երգ։ Դրան ի պատասխան` գերմանացի երգչուհի
Լևինա Մյուզիքը երգեց Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը։
Նրանից հետո մարտահրավերը ընդունեց Կիպրոսը ներկայացնող
Հովիկ Դեմիրճյանը (Hovig)` «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությամբ:
Իսկ նախօրեին հայ երգչուհին Facebook-յան իր էջում տեղադրել էր
տեսանյութ` վրազական «Moxevis Qalo Tinao» վրացական երգի կատարմամբ:
Ի պատասխան` Թամարա Գաչեչիլաձեն երգել է Կոմիտասի «Լորիկ» ստեղծագործությունը:
«Բարև Հայաստան, բարև Արծվիկ: Հիանալի էր լսել` ինչպես ես կատարում «Moxevis Qalo Tinao» երգը: Եվ ես ուրախ եմ ընդունել մարտահրավերը և սկսել տոնել իրական բազմազանությունը», - ասել է վրազի երգչուհին տեսաուղերձում:
Արծվիկը գովասանքի խոսքեր է հղել երգչուհուն: «Հոյակապ է, Թամարա, հիասքանչ կատարում: Ոչ մի ակցենտ, ոչ մի սխալ նոտա: Դու պետք է հայկական ժողովրդական երգերը ներառես երգացանկիդ մեջ», - գրել է Արծվիկը Facebook-յան իր էջում:
Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:
Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թ.–ից։ Լավագույն արդյունքը` չորրորդ տեղը, ապահովել են երգչուհի Սիրուշոն 2008 թ.–ին և Արամ MP3–ը 2014 թ.–ին։–0–