Երիտասարդ կինեմատոգրաֆիստներ յոթ երկրներից կմասնակցեն Հայաստանի «Ես եմ» փառատոնին

14.09.2016, 19:13
Սեպտեմբերի 15-17-ը Կոտայքի մարզի Աղվերան հանգստավայրում տեղի կունենա «Ես եմ» 9-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը:
Երիտասարդ կինեմատոգրաֆիստներ յոթ երկրներից կմասնակցեն Հայաստանի  «Ես եմ» փառատոնին
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 15-17-ը Կոտայքի մարզի Աղվերան հանգստավայրում տեղի կունենա «Ես եմ» 9-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը, հաղորդում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Փառատոնն անցկացվում է «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Այս տարի միջոցառումը կանցկացվի «Հայ զինվոր» խորագրի ներքո: Փառատոնը միտված է երիտասարդ ստեղծագործողների բացահայտմանը, նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը:

«Ես եմ» միջազգային 9-րդ երիտասարդական կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է 80 խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղրղըզստանից և Գերմանիայից:

Այս տարի մրցանակներ են սահմանվել հետևյալ անվանակարգերում` «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ»:

Փառատոնի ժյուրիի նախագահն է կինոքննադատ Աննա Երզնկյանը, անդամներն են՝ կինոռեժիսորներ Արսեն Գասպարյանը, Մանանա Հակոբյանը, Տարոն Պետրոսյանը, կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանը:

Փառատոնն անցկացվում է 2004 թվականից: -0-