ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Պետք է իրականացվի մանրազնին հետաքննություն, համակողմանի և անաչառ քննություն, բաց դատավարություն, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՊՊԾ գնդի գրավման հետ կապված վերջին երկու շաբաթվա իրադարձությունների մասին։
Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս պայթյունավտանգ օրերին կամք, ոգու արիություն և ողջամտություն են դրսևորել` իրավիճակը հնարավորինս վերահսկելու, մարդկային հնարավոր կորուստներից խուսափելու համար։
«Երեկ վերջապես հանգուցալուծվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանգուցալուծվեց բոլորիս համար, թերևս, ամենաընդունելի ճանապարհով. Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Ներքին զորքերն իրենց հետևողական և համադրված գործողություններով ստիպեցին զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին»,– նշել է նա։
Նա իր գոհունակությունն է հայտնել առ այն, հաջողվեց խուսափել նման իրավիճակների համար դասական համարվող լուծումից, որի իրականացման մանրակրկիտ ծրագիրն, իհարկե, նույնպես մշակված էր:
Նա փաստել է, որ, այնուամենայնիվ, երկու զոհ և բազմաթիվ վիրավորներ եղան։ Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և հարազատներին, ընդգծելով, որ յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ։ Որևէ այլ դրսևորում չի լինելու, անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով:
«Հայաստանի Հանրապետությունում ծավալվող բոլոր գործընթացները տեղի են ունենալու բացառապես մեր պետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում»,– ասել է նա։
Նախագահն առանձնահատուկ ընդգծել է, որ ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կտարածվի, կոչնչացնի հայ ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ: Նա կոչ է արել սարսափել, հիմնովին արմատախիլ անել այդ ուռուցքը, մահացու մեղք անվանելով ահաբեկչության ցանկացած դրսևորում։
«Ո՛չ ասեք ահաբեկչությանը և դրա ցանկացած դրսևորմանը, որտեղ էլ որ այն տեղի ունենա: Ո՛չ ասենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր սերունդների և մեր հայրենիքի համար: Ո՛չ ասենք այդ քաղցկեղին: Հեռու՛ վանենք մեզնից: Շատ հեռու»,– ասել է նա։
Ամփոփելով խոսքը` նախագահը շեշտել է, որ Հայաստանը, որպես պետություն, այս փորձությունից դուրս եկավ ավելի ուժեղացած: «Եվ մենք այսօր շատ ավելի նպատակադրված ենք երկրում դրական փոփոխությունների մեր օրակարգը բազմապատիկ արագությամբ առաջ տանելու համար»,– եզրափակել է նախագահը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում