Ոստիկանապետի ԺՊ–ն մեկնաբանել է ընդդիմադիր մի շարք գործիչների բերման ենթարկելը

30.01.2020, 17:38
Ոստիկանապետի ԺՊ–ն մեկնաբանել է ընդդիմադիր մի շարք գործիչների բերման ենթարկելը
Ոստիկանապետի ԺՊ–ն մեկնաբանել է ընդդիմադիր մի շարք գործիչների բերման ենթարկելը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է օրեր առաջ ընդդիմադիր մի շարք գործիչների բերման ենթարկելը։

 «Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրել է իր գործառույթները և իրականացրել օրենքի սահմաններում»,– ասաց ոստիկանապետը: 

 Ոստիկանապետը նշեց, որ գործողություններն իրականացվել են օրենքի սահմաններում, այսինքն ոստիկանությունը, հանդիսանալով հետաքննության մարմին, իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձի, և ստուգման արդյունքներով ազատ արձակել անձին։

 «Առհասարակ, նույն տրամաբանությամբ, մենք ստացած օպերատիվ տեղեկությունները ստուգելու նկատառումներից ելնելով անձանց բերման ենք ենթարկում, ստուգում ստացված տեղեկության իսկությունը և ազատ արձակում սահմանված ժամը լրանալուն պես»,– ընգծեց ոստիկանապետի պաշտոնակատարը։

 Այն հարցին, թե ինչու բերման ենթարկեցին հատուկ նշանակության վարչության աշխատակիցները, Արման Սարգսյանը պատասխանեց, որովհետև տվյալները ստացվել էին քրեական ոստիկանությունում, իսկ հատուկ նշանակության աշխատակիցները քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ են։

 «Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում: Եվ եթե քաղաքական հետապնդում իրականացվեր, հետևապես, ազատություն, թե խոսքի, թե գործելակերպի, մենք չէինք ունենա»,– ասաց նա։

 «Որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող, թե ձեր նշած 4 անձանց, թե մյուսների առումով: Ոստիկանությունն այն կառույցն է, որ անընդհատ չպետք է գովեն և քննադատությունն էլ շատ նորմալ ենք համարում, բայց ցանկալի կլինի` լսել առողջ քննադատություն»,– նշեց ոստիկանապետը։

 Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի բլոգեր, «ՎԵՏՕ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր և հակասորոսական ակտիվիստ Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման էին ենթարկել ոստիկանություն՝ պաշտոնական տվյալներով ապօրինի զենք պահելու կամ կրելու կասկածանքով։ Ինչից հետո բերման էին ենթարկվել «Ադեկվադ» ընդդիմադիր շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանը և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Բոլորն ազատ են արձակվել նույն օրը։–0–