Որևէ տուժած չունենք. նախարարը` Ծավի ջրում սնդիկի հայտնաբերման մասին
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա։
«Որևէ տուժած չունենք։ Մենք ոչ թե սպասել ենք, որ քաղաքացիները դիմեն, այլ արտագնա բժշկական թիմ է մեկնել և տեղում բնակիչների հետ զրուցել է, գանգատներն է լսել։ Փաստում ենք, որ ախտանշաններով որևէ քաղաքացի չունենք»,- ասել է Ավանեսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ համայնքն ապահովում է բնակիչներին խմելու և կենցաղային ջրով մինչև հաջորդիվ փորձաքննությունների ավարտը և, աղտոտման վարկածի հաստատվելու դեպքում, ջրի մաքրման աշխատանքների ավարտը։
«Օրը մի քանի անգամ օպերատիվ խմբով աշխատանքներ ենք իրականացնում, քննարկումներ ենք անում և որոշակի հաճախականությամբ ստուգում ենք, թե ինչպես են կատարվոսւմ նախաձեռնված միջոցառումները»,- ասել է Ավանեսյանը։
Նա վստահեցրել է, որ կառավարությունն անում է ամեն ինչ՝ հնարավորինս արագ հանգամանքները պարզելու և ջրամատակարարման նորմալ ընթացքին վերադառնալու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։
Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:

