Տրանսպորտից առանց ուղետոմս կամ արտոնություն ունեցողի փոխարեն երթևեկողները կտուգանվեն․ նախագծերի փաթեթ է ներկայացվել

14.03.2025, 14:02
Որքա՞ն կտուգանվեն տրանսպորտից առանց ուղետոմս կամ արտոնություն ունեցողի փոխարեն երթևեկողները․ նախագիծ
Տրանսպորտից առանց ուղետոմս կամ արտոնություն ունեցողի փոխարեն երթևեկողները կտուգանվեն․ նախագծերի փաթեթ է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, որոք նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին, ովքեր հասարակական տրանսպորտով երթևեկում են առանց ուղետոմսի կամ երթևեկում են արտոնություն ունեցողների փոխարեն։

Նախագիծը մշակել է Երևանի քաղաքապետարանը, սակայն հանրային քննարկման է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Ինչպես նշվում է նախագծում, ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց սահմանված տեղական վճարը կամ միասնական ծառայության տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու կամ տրանսպորտային միջոցում առանց տեղական վճարի վճարման կրիչը վավերացում կատարելու օգտվելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով (15 000 դրամ):

Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից օգտվելու տեղական վճարի կամ միասնական ծառայության տեղական վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի կողմից նշված ծառայություններից օգտվելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնութապատիկի չափով (18 000 դրամ):

Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, մի քանի մեխանիզմ է լինելու, գումարային տուգանքի չափը որոշակի տարբերություն է իր մեջ ունենալու։

«Մի դեպքում դա վերաբերելու է առհասարակ չվճարողներին, մի դեպքում այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին, և մի դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող և առհասարակ որևէ տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդկանց», – ասաց նաԼ

Նա նաև նշեց, որ տուգանքների կիրառման ժամկետները դեռ հստակ չեն։

««Մեր խնդիրն այն չէ, որ մարդկանց տուգանենք և բերենք օրինականության դաշտ, այլ այն, որ եթե կա որևէ ծառայություն, դրա համար պետք է վճարել»,–նշեց նա։