Ստիպված ենք ավելի կոշտ մեթոդներ կիրառել. մեզ չի հաջողվում թվերն իջեցնել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մեր ընթացիկ ամենակարևոր խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը, երեկ կրկին 665 նոր դեպք ենք ունեցել և մեզ չի հաջողվում թվերն իջեցնել: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք գիտենք դրա պատճառը, հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում եւ մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել համարաճարակային կանոնները պահելու նպատակով: Գիտեք, որ պարետատունը որոշում է կայացրել, որ քաղաքացիները պետք է իրենց մոտ ունենան անձը հաստատող փաստաթուղթ»,- նշել է Փաշինյանը:
Նա հիշեցրեց անձնագրի պարտադիր կրելու մասին նոր որոշումը՝ նշելով, որ այս որոշումը կայացվել է, որ վարչական այդ լծակն ավելի արդյունավետ գործի:
«Ընդ որում, մեր օրենսդրության տրամաբանությամբ, եթե քաղաքացին դիմակ չի կրում, ոստիկանը արձանագրում է, որ նա չունի նաև փաստաթուղթ, դա համարվելու է երկու առանձին վարչական իրավախախտում՝ և համապատասխանաբոր վարույթ, երկու տուգանք: Այս պահին մենք ունենք համոզվածություն, որ մարդկանց մեծ հոսք սպասարկող բոլոր (պետական) մարմինները հերթերի կարգավորման նոր համաճարակային կանոնները ներդրել են պատշաճ ձևով: Մենք պետք է արձանագրենք, որ պետական այն մարմինները, որոնք քաղաքացիների ընդունելություն են իրականացնում, նրանք պարտադիր պետք է հերթերը կարգավորեն, ընդ որում նաև տարածքից դուրս, եթե հերթ է գոյանում տարածքից դուրս: Պետք է վերահսկել, թե որքանով է դա կատարվում: Շատ կարևոր է, որ բանկերի դրսի հատվածում էլ կարգավորվեն հերթերը: Մենք ստանում ենք լուսանկարներ, որ մարդիկ շարունակում են հին ձևերով հերթ կանգնել»,- ընդգծել է վարչապետը:
Վարչապետն ընդգծել է, որ բոլոր պետական մարմինների ղեկավարները, խոսքը ստորաբաժանումների ղեկավարների մասին է, պետք է իմանան, որ իրենք անձնական պատասխանատվություն են կրում այս տարածքում հակահամաճարակային կանոնների պահպանման համար:
Նա նշել է, որ որ բացի դրանից իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում բակերը և մոտ հասցեները:
«Այստեղ մենք նույնպես պետք է մեծացնենք վարչական ազդեցության միջոցները: Ձևավորվել են համապատասխան կարգախմբեր ոստիկանության և այլ մարմինների, որոնք ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ գործառույթը»:
Հայաստանում հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով։–0–