Ստիպում են «share» անել էկրանը և թալանում բանկային հաշիվները. փորձագետը զգուշացնում է հեռախոսային նոր խարդախության մասին

10.03.2026, 21:07
Հատկապես տարիքով մարդիկ են «քաշվում», նրանց թիրախավորում են, զգուշացնում է  Մարտիրոսյանը
Ստիպում են «share» անել էկրանը և թալանում բանկային հաշիվները. փորձագետը զգուշացնում է հեռախոսային նոր խարդախության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մեծ ալիք է, շատ մարդ էլի «քաշվում» է. զգուշացե՛ք:

Այս մասին Facebook-յան իր էջում տեղադրած տեսանյութում ասել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: 

«Հատկապես տարիքով մարդիկ են «քաշվում», նրանց թիրախավորում են: Զանգում, ասում են՝ օպերատորից ենք, ռուսերեն են խոսում, իբր՝ այնքան դիմում կա՝ ստիպված մեր Վրաստանի թիմն ենք ներգրավել: Ասում են՝ հեռախոսի մեջ 5G պետք է դնենք, խոսեցնում են, whatsApp-ով են զանգում, ստիպում են էկրանը share անել, ֆայլ են ուղարկում, այդ ֆայլը եթե մարդ տեղադրեց, «քաշվում է»: Մտնում են բանկային հավելվածներ, եթե կան, թալանում, վարկեր ձևակերպում»,- զգուշացնում է Մարտիրոսյանը: 

Մասնագետը հորդորում է խարդախության զոհ դառնալու դեպքում շտապ զանգահարել բանկեր սպասարկող վճարային համակարգեր և արգելափակել բոլոր հաշիվներն ու քարտերը, իսկ հեռախոսը ենթարկել գործարանային զրոյացման՝ նախապես պահպանելով կարևոր տվյալները: