ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը (ՄՀԿՖ) կոչ է անում Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին չենթարկվել դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված սադրանքներին։
Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների պատճառը դեկտեմբերի 6-ին ծեծկռտուքի ժամանակ «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունն է դարձել: Դեկտեմբերի 11-ի առավոտյան զոհված երկրպագուի հիշատակին նվիրված ակցիա է կազմակերպվել Մոսկվայի հյուսիսում գտնվող Կրոնշտադտի բուլվարում, որտեղ մի քանի հազար մարդ էր հավաքվել: Նրանք բոլոր իրենց հանգիստ էին պահում, նրանք իսկապես հավաքվել էին ընկերոջ հիշատակը հարգելու համար: Իսկ Մանեժնայա հրապարակում հավաքվածներն իրենց այլ կերպ էին պահում՝ չնայած հայտարարում էին, որ ևս հավաքվել են Սվիրիդովի սպանության կապակցությամբ: Այդ ամենը վերածվել էր անկարգությունների և կովկասցիների ծեծկռտուքի: Այս ամենի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, հիվանդանոց է տեղափոխվել 29 մարդ, ձերբակալվել է ակցիայի 65 մասնակից:
«Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, Ռուսաստանի սփյուռքի ներկայացուցիչներին չենթարկվել սադրանքներին, չենթարկվել պետության հիմքերը խախտողների կամքին, իշխանության մարմինների լիազոր ներկայացուցիչների հետ համագործակցությամբ արդարության հասնել գործող օրենսդրության շրջանակներում»,- հայտարարում է ՄՀԿՖ-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Կազմակերպությունը կոչ է անում իրավապահ մարմիններին մանրամասն հետաքննություն իրականացնել «Սպարտակի» ֆուտբոլասերի սպանության հանգամանքները պարզելու համար, հայտարարել Մանեժնայա հրապարակում զանգվածային անկարգությունների մեղավորների անունները և խստորեն պատժել նրանց օրենքին համապատասխան։ -0-