Յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցին տեսողության խնդիր ունի. փորձագետ

15.10.2010, 16:53
Յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցին տեսողության խնդիր ունի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը տեսողության խնդիր ունի, և այսօր մոտ 15 միլիոն մարդ տառապում է աչքերի հիվանդություններով, ուրբաթ Սպիտակ ձեռնափայտի միջազգային օրվան նվիրված Մոսկվա-Սոչի տեսակամուրջի ընթացքում ՌԻԱ Նովոստիին է ասել Դաշնային Խորհրդի Նախագահին առընթեր հաշմանդամների գործերով խորհրդի անդամ Ալեքսանդր Լիսենկոն։

Կույր մարդուն խորհրդանշող Սպիտակ ձեռնափայտի միջազգային օրը նշվում է Կույրերի միջազգային դաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին: Նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել կույրերի խնդիրներին: Խորհրդային Միությունը Սպիտակ ձեռնափայտ անցկացմանն է միացել 1987 թվականին:

«Ռուսաստանում յուրաքանչյուր երկրորդը տեսողության խնդիրներ ունի, աչքի հիվանդություն ունի շուրջ 15 միլիոն մարդ, գրեթե մեկ միլիոնը թույլ տեսողություն ունեցողներն ու կույրերն են»,- ասել է Լիսենկոն:

Կույրերի Համառուսական Միության նախագահ Ալեքսանդր Նեումիվակինն իր հերթին նշել է, որ նրա միությունում հաշվարկվում է 260 հազար մարդ, որոնցից միության անդամ են 213 հազարը։

«Բայց ես համաձայն եմ մոտ միլիոնանոց թվի հետ, սրանք երրորդ խմբի պատկանող մարդիկ են, ովքեր վախենում են հաշմանդամ դառնալ»,- ասաց նա։

ՌԴ Պետական դումայի պատգամավոր Օլեգ Սմոլինի կարծիքով, «լուծում պահանջող» խնդիրներից մեկը հաշմանդամների աշխատատեղերի թվի ավելացումն է և աշխատանքի տեղավորումը։ «Վերջին տարիներին աշխատող հաշմանդամների թիվը կրճատվել է մոտ չորս անգամ։ Որովհետև չկա պետպատվեր, իսկ հարկային բեռնվածությունը հաշմանդամների աշխատանքն օգտագործող ձեռնարկությունների համար մշտապես աճում է։ Պետք է ընդլայնել աշխատատեղերի թիվը»,- նշել է նա։

Սմոլինի կարծիքով, այսօր Ռուսաստանում աշխատում է հաշմանդամների միայն 8 տոկոսը։ -0-