Ռուս գեղասահորդներ Օքսանա Դոմնինան և Մաքսիմ Շաբալինը դարձել են Վանկուվերում անցկացվող Օլիմպիական խաղերի պարային զույգերի մրցույթի բրոնզե մեդալակիրները:
Գեղասահքի պարային զույգերի մրցույթում օլիմպիական չեմպիոնների տիտղոսը նվաճեցին Կանադայի ներկայացուցիչներ Թեսա Վիրթյուն և Սքոթ Մոյրը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեցին ամերիկացիներ Մերիլ Դևիսն ու Չարլի Ուայթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսները, հաղթելով պարտադիր ծրագրում, զբաղեցնում էին երրորդ տեղը օրիգինալ ծրագրից հետո, իսկ ազատ ծրագրում ևս դատավորներից ստացան երրորդ տեղը՝ ընդհանուր առմամբ հավաքելով 207,64 միավոր: Վիրթյուն և Մոյրը նվաճեցին օլիմպիական ոսկին՝ հավաքելով 221,57 միավոր, իսկ Դևիսն ու Ուայթը ավարտեցին ելույթը 215,74 միավորով:
Ազատ ոճում անիրավացիորեն ցածր գնահատականների արժանացավ երկրորդ ռուսական զույգը՝ Յանա Խոխլովան և Սերգեյ Նովիցկին, ովքեր ավարտեցին իրենց ծրագիրը՝ հայտնվելով միայն 9-րդ տեղում (185,86 միավոր): Երրորդ ռուսական զույգը՝ Եկատերինա Բոբրովան և Դմիտրի Սոլովյովը, զբաղեցրեցին 15-րդ տեղը (163,35):-0-