Հայ գործարարները ոսկերչական իրերի և ալմաստի վերամշակման գործարաններ են պատրաստվում կառուցել Ուլյանովսկում, երեքշաբթի հայտնել է Ուլյանովսկի շրջանի կառավարության մամուլի ծառայությունը։
Գործարանների կառուցման հնարավորությունը դիտարկվել է մարզպետ Սերգեյ Մորոզովի հանդիպմանը Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակության անդամների հետ՝ փոխնախագահ Արամ Վարդանյանի գլխավորությամբ, ովքեր քննարկել են երկու գործարանների կառուցման հարցը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Հայկական կողմը շահագրգռված է Ուլյանովսկի շրջանի տարածքում շուրջ 5 մլն դոլարի ներդրումների ընդհանուր ծավալով արտադրական հզորությունների տեղադրմամբ։ Ինչպես հայտնեց Վարդանյանը, այսօր նախադրյալներ կան հազար աշխատատեղով ձեռնարկություն ստեղծելու համար»,- նշում է մամուլի ծառայությունը։
Բացի այդ, նկատի առնելով համաշխարհային կարգի միջազգային հյուրանոցային ցանցերի հետ համագործակցության փորձը, Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատն առաջարկություն է առաջ քաշել ցուցահամալիր ընդգրկող խոշոր հյուրանոցի կառուցման նպատակով ներդրմանն օժանդակելու վերաբերյալ։ Ներկայում «Ուլյանովսկի շրջանի զարգացման կորպորացիան» այս հարցով բանակցություններ է վարում որոշ պոտենցիալ ներդրողների հետ։
Հայաստանի բիզնես-պատվիրակության՝ Ուլյանովսկի շրջան կատարած այցի շրջանակներում փետրվարի 14-ից 17-ն անցկացվել է հյուրանոցի կառուցման համար մի շարք հարթակների, ոսկերչական իրերի և ալմաստի վերամշակման գործարանի շրջայց՝ հատուկ տնտեսական նավահանգստային գոտու, «Զավոլժյե» արդյունաբերական գոտու, ինչպես նաև Ուլյանովսկի աջափնյա հատվածում։ -0-