Նաև 2009 թվականից հետո մի քանի փուլով ռուսական բազաներ կտեղակայվեն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, ուրբաթ ՌԻԱ Նովոստիին հայտնեց ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինը։
Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը լրագրողներին հայտնել էր, որ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում մինչև 2009 թվականի ավարտը կստեղծվեն ռուսական ռազմաբազաներ, յուրաքանչյուրում՝ 3700 մարդ։
«Մեր բազաների տեղակայումն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում 2009թ.-ին չի ավարտվի։ Տեղակայման տեսանկյունից արագ չի ստացվում։ Դա շատ ծախսատար է, իսկ տեղավորվել պետք է հիմնավորապես։ 2009 թվականի ժամկետը մնում է, բայց դրանով տեղակայումը չի ավարտվի։ Դա կլինի տեղակայման առաջին փուլը»,- նշեց Նոգովիցինը։
Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունն օգոստոսի 26-ին։ Դրանից առաջ, սկսած 1990-ական թվականներից՝ երկու հանրապետությունները փաստացիորեն անկախ էին Թբիլիսիից, սակայն ճանաչված չէին աշխարհում։ Մոսկվայի այս դիվանագիտական քայլին նախորդել էր Վրաստանի դեմ ռազմական օպերացիան, որն ուղղված էր ռուս քաղաքացիների և խաղաղապահների պաշտպանությանը։ Վրաստանը օգոստոսի 8-ի լույս գիշերը զորքեր մտցրեց Հարավային Օսեթիա, ավերեց Ցխինվալի քաղաքը և օսական մի քանի գյուղ։
Նոգովիցինը հաստատեց, որ սկզբում բազաներ կստեղծվեն Աբխազիայում, հանրապետության արևմուտքում Գուդաուտա շրջանային ավանում և Հարավային Օսեթիայում՝ Ցխինվալիում և Ջավա գյուղում։
Գեներալի խոսքերով, ՌԴ ռազմաբազաների տեղակայումը կովկասյան երկու հանրապետություններում կանցնի երկու փուլով։ «Առաջինը բազաների հարմարեցումն է առօրյա գործունեության համար։ Երկրորդ փուլը խնդիրների մշակումն է ռազմական կիրառման համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, օրինակ, հրաձգարանների կառուցումը»,- ասաց Նոգովիցինը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ նոր ռազմաբազաների ենթակառուցվածքը պահանջում է ոչ միայն դրանց մշտական պահպանում, այլ նաև կատարելագործում։ «Դրանք և նոր ուսումնամարզական դասեր են, և նոր մարզասարքերի բազա՝ մարտավարական օղակի պատրաստման համար, և հետագայում մարզասարքերի համակցված համալիրի ստեղծում ենթամիավորումների համակարգվածության մշակման նպատակով և այլն՝ ներառյալ ռազմավարական մակարդակի վարժանքների անցկացման հնարավորությունը»,- ասաց Նոգովիցինը։
Այնուհետև, նշեց նա, զորավարժություններ անցկացնելու համար կպահանջվեն ոչ միայն բազաներ այնտեղ գտնվող խմբավորումների, այլ նաև լրացուցիչ մասերի համար, որոնք կարող են այնտեղ տեղափոխվել զորավարժություններ անցկացնելու ընթացքում։ «Դա ևս մեկ փուլ է»,- ասաց գեներալը։ -0-