ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկում Բիշքեկում

02.07.2008, 14:08
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկում Բիշքեկում

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվում են Համագործակցության պաշտպանունակության, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, բացվել է Բիշքեկում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Պաշտպանության նախարարները ծրագրում են քննարկել ավելի քան 20 հարց, այդ թվում նաև՝ ահաբեկիչների կողմից ինքնաթիռների զավթման դեպքում հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի գործողությունների կարգի մասին դրույթների նախագիծը, ավիավթարների հետաքննության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաև՝ պաշտպանության նախարարությունների ձեռնարկություններում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգումը կազմակերպելու մասին դրույթը։

Բացի այդ, նախարարները կքննարկեն նաև զինված ուժերի համատեղ մարզական միջոցառումների հեռանկարային ծրագիրն ու զինված ուժերի ազգային թանգարանների դիտում-մրցույթների անցկացումը։

Գագաթնաժողովից առաջ նախարարները հանդիպել են Ղրղզստանի նախագահի հետ։ Միջոցառմանը մասնակցում է նաև ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ ԱՊՀ պաշտպանության նախարաների խորհուրդը ստեղծվել է 1992 թ.-ին՝ որպես ռազմական քաղաքականության և ռազմական շինարարության հարցերով Համագործակցության Պետությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային մարմին։-0-