Տասներկուերորդ ռուսական ռազմական բազայի զինամթերքով հերթական շարասյունը մեկնել է Վրաստանից

02.08.2007, 11:52
Տասներկուերորդ ռուսական ռազմական բազայի զինամթերքով հերթական շարասյունը մեկնել է Վրաստանից

 ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանից դուրսբերվող 12-րդ ռուսական ռազմական բազայի զինամթերքով, ռազմական տեխնիկայով և ունեցվածքով 14-րդ երկաթուղային շարասյունը հինգշաբթի մեկնել է Բաթումիից, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ցամաքային զորքերի՝ տեղեկատվական ապահովման հարցերով գլխավոր հրամանատարի օգնական Իգոր Կոնաշենկովը։

«Ռազմական շարասյունը Բաթումիի կայարանից մեկնել է Երևանի ժամանակով ժամը 01։00-ին։ Տասներեք հենահարթակից և վագոններից բաղկացած համակարգը   Ռուսաստան կտեղափոխի երկու տանկ, երկու զրահափոխադրիչ և ռուսական ռազմական բազայի զրահատանկային ունեցվածքը», - ասել է Ի. Կոնաշենկովը։ 

Դուրսբերվող բեռի քաշը մոտավորապես 500 տոննա է, պարզաբանել է նա։

Տասներկուերորդ բազայի ունեցվածքով 15-րդ երկաթուղային շարասյունը Բաթումիից կմեկնի օգոստոսի առաջին կեսին, ավելացրել է գնդապետը։

Ընդհանուր առմամբ, մինչև 2007 թ. վերջը Վրաստանից դեպի Ռուսաստան և Հայաստանի Գյումրի քաղաքի ռուսական 102-րդ ռազմական բազա կտեղափոխվեն ևս հինգ երկաթուղային համակարգ և մեկ ավտոշարասյուն։ Ըստ Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա համաձայնության, ռուսական 12-րդ ռազմական բազան կփակվի 2008 թ.-ին։--0—