Սկանդալ՝ Մերձավանի դպրոցում․ աշակերտները մեղադրել են ուսուցչուհուն

14.05.2025, 13:05
Փարաքար համայնքի Մերձավան գյուղի դպրոցում սկանդալ է տեղի ունեցել աշակերտների և պատմության ուսուցչի միջև․ ՎԻԴԵՈ
Սկանդալ՝ Մերձավանի դպրոցում․ աշակերտները մեղադրել են ուսուցչուհուն

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի դպրոցում սկանդալ է տեղի ունեցել աշակերտների և պատմության ուսուցչի միջև։

Աշակերտները մեղադրել են ուսուցչին, որ վերջինս ստում է և սկսել են սուլել։

Նրանք մեղադրել են ուսուցչին, որ վերջինս ասել է․ «Հային ճանաչելով՝ թուրքին սիրում եմ»։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ աշակերտները պնդում են, որ ուսուցչուհին դասի ժամին յասաման է կերել։ Ուսուցչուհին էլ տեսանյութում ասում է, որ նման բան չկա, և դա սուտ է։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածելով, որում խստորեն դատապարտել է այս միջադեպը։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։

Ավելին՝ նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ 

Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։