Սերժ Սարգսյանը նշեց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ժամկետները

14.12.2017, 23:17
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը:
Սերժ Սարգսյանը նշեց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրեց ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացման մոտավոր ժամկետները:

Նոյեմբերի 24-ին Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպայի Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում ասվում է, որ ԵՄ-ն և Հայաստանը կարող են սկսել վիզային ազատականացման բանակցությունները:

«Կուզեի, որ բոլորին հասկանալի լիներ, որ համաձայնագիրն առանձին գործընթաց է, վիզաների ազատականացումը` առանձին: Դրանք, ամենայն հավանականությամբ, փոխկապակցված են, բայց նոր պայմանագրի ստորագրումը չի նշանակում, որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը կսկսվի ինքնաբերաբար»,- ասաց Սարգսյանը:

Загружается новость ... "Право"

Նախագահը նշեց, որ գագաթնաժողովում կարծիք է հնչել, որ, ըստ ամենայնի, պետք է երկխոսություն սկսվի այդ հարցով:

«Կարծում եմ, որ, հնարավոր է, հաջորդ տարվա առաջին կեսից կամ այդ տարվանից
(թեև անշնորհակալ գործ է ամբողջ երկրով մեկ ժամկետների կանխատեսումներ կատարել) մենք երկխոսություն սկսենք: Այնտեղ կան բազմաթիվ հարցեր, դա երկար գործընթաց է: Եվ եթե լավ աշխատենք, հնարավոր է, կարծում եմ, որ երկու-երեք տարիների ընթացքում հնարավոր լինի հասնել վերջնական արդյունքի»,- պարզաբանեց երկրի ղեկավարը: -0-