Սեպտեմբերի 1-ից առաջին դասարանցիները կսովորեն նոր այբբենարաններով, կգործեն նոր չափորոշիչներ. նախարար

27.08.2025, 14:51
Նախարարը վստահեցրել է, որ դպրոցներն ապահովված են ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր դասագրքերով
Սեպտեմբերի 1-ից առաջին դասարանցիները  կսովորեն նոր այբբենարաններով, կգործեն նոր չափորոշիչներ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից Հայաստանում առաջին դասարանցիները կսովորեն նոր այբբենարաններով։

«Այս տարվանից սկսած՝ 1-11-րդ դասարաններում կգործեն նոր չափորոշիչներ,  կներդրվեն նոր դասագրքեր», - չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։

Նշելով, որ վերջին 3 տարիների ընթացքում հրատարակվել է ավելի քան 220 տարբեր դասագիրք, նախարարը հավելել է, որ այդ թիվը լիովին ծածկում է դպրոցական կրթության կարևորագույն առարկաները։

«Մենք ունենք մի շարք առարկաներ, որոնց համար դեռևս օգտագործվում են հին դասագրքեր: Սա նշանակում է, որ այդ առարկաների ուսուցումն իրականացվում է այս պահին գործող և արդեն որոշ ժամանակ դպրոցներում գործածվող դասագրքերով։ Դրանք հիմնականում վերաբերում են 10-11-րդ դասարանների առարկաներին: Մասնավորապես՝ քիմիա, կենսաբանություն, ռուսաց լեզու և հանրահաշիվ միայն 11-րդ դասարաններում: Առանձին աշխատանք է տարվում ֆրանսերենի դասավանդման ուղղությամբ, մենք համագործակցում ենք դեսպանատան հետ: Ֆրանսերենը բոլոր դպրոցներում չի դասավանդվում, խնդիր կա հին դասագրքերի հետ կապված», - ասել է Անդրեասյանը։

Նախարարը վստահեցրել է, որ դպրոցներն ապահովված են ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր դասագրքերով։

«Այս պահին դպրոցներում դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտվել է, հանրապետության չորս մարզերում բաշխումը կավարտվի օգոստոսի 28-ին: Սեպտեմբերի 1-ին ոչինչ չի խանգարի մեզ կրթական գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար», - ասել է Անդրեասյանը։

Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում