Սաստիկ սառնամանիքներ են սպասվում Հայաստանում

28.12.2018, 10:59
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Սաստիկ սառնամանիքներ են սպասվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, դեկտեմբերի 28–ին երկրի կենտրոնական շրջաններում սպասվում է առատ ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։


Միաժամանակ, տեղումները կպահպանվեն դեկտեմբերի 29–ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում։ Իսկ դեկտեմբերի 29–ի ցերեկը, դեկտեմբերի 30-31–ին և հունվարի 1–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս–արևելյան 3-8 մետր վայրկյան արագությամբ։ Դեկտեմբերի 28–ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29–ին կնվազի 8-10 աստիճանով։

Ամենից ցուրտ կլինի շաբաթ և կիրակի Շիրակի մարզում և Արագածոտնի լեռներում` այդ մարզերում գիշերը սնդիկի սյունը ցույց կտա 15-20 աստիճան ցուրտ։

Լոռու և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի լեռներում այդ ժամանակահատվածում գիշերները կցրտի մինչև 12-17 աստիճան ցուրտ։

Երևանում ուրբաթ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 0–ից 1 աստիճան տաքություն, իսկ հետագա չորս օրերին` կնվազի մինչև 2 աստիճան ցուրտ։ Դեկտեմբերի 29–ի գիշերը կցրտի մինչև 6-8 աստիճան ցուրտ, իսկ ընդհուպ մինչև հունվարի 1–ը սնդիկի սյունը ցույց կտա 4-6 աստիճան ցուրտ։ -0-