Սամվել Կարապետյանին տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք է առաջադրվել
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բարերար, գործարար, «Տաշիր գրուպ»–ի նախագահ Սամվել Կարապետյանին տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք է առաջադրվել։
«Առանց կարճելու տնտեսական բնույթի մեղադրանքներով դրվագները, այսինքն, պարզապես անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող. առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի։ Այս գործողություններն իրավական տրամաբանությունից դուրս են», – նշվում է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ դատարանն արձանագրել էր, որ Կարապետյանին մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ հաղթահարված չէ նույնիսկ հիմնավոր կասկածը, բայց միաժամանակ, «զարմանալիորեն» հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որը Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցը որակել է որպես կոչ », - նշում է փաստաբանական խումբը։
Փաստաբանական խումբն ընդգծում է նաև, որ 50-ից ավելի քննիչներից բաղկացած քննչական մարմինը 2025թ. օգոստոսի 15-ից չէր ձեռնարկել որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ՝ մերժելով վարույթային գործողություն կատարելու միջնորդությունները։

