ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զավթման փաստով հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը», – ասվում է հաղորդման մեջ։
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար:
ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցված քրեական գործը ևս ՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ:
Քննության արդյունավետությունն ապահովելու համար ԱԱԾ, ՔԿ և ՀՔԾ ղեկավարներին հանձնարավել է ստեղծել համատեղ քննչական խումբ:
Ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016 թ.-ի հուլիսի 17-ին ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ:
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կան վիրավորներ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում