Օրերս Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո. հայտարարություն

08.07.2026, 18:16
Այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում, հայտնել են  Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից
Օրերս  Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Կենդանաբանական այգու նոր բնակիչները մշտական վերահսկողության տակ են։

Այս մասին հայտնում է Կենդանաբանական այգին՝ հավելելով, որ օրերս Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։

«Նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից, ադապտացիոն շրջանն անցնելուց հետո, կտեղափոխվեն այգու ազատավանդակներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ նախօրեին կենդանաբանական այգին հաղորդագրություն էր տարածել այգի տեղափոխված էգ առյուծի մասին, որը, ըստ տրամադրված տեղեկատվության, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով քնեցումից չի արթնացել։

Նշենք նաև, որ կենդանին հուլիսի 6-ին առգրավվել էր գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատնից։

Հուլիսի 6-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։