ԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածուների վերաբերյալ միջնորդությունները
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԿԸՀ-ն հուլիսի 8-ի հերթական նիստում որոշել է ՀՀ գլխավոր դատախազություն վերադարձնել պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։
Ինչպես հաղորդում է ԿԸՀ-ն, ԿԸՀ-ն նշված միջնորդությունները ստացել էր ԱԺ հերթական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության՝ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքով պայմանավորված, դրանք չէր քննել։
Հանձնաժողովի պարզաբանմամբ՝ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները պատգամավորի թեկնածուների վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը՝ Սահմանադրական դատարանի կողմից որոշման ընդունումը։ Այսպիսով, քանի որ տվյալ անձինք այլևս չունեն պատգամավորի թեկնածուի կարգավիճակ, նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը դուրս է ԿԸՀ իրավասության շրջանակներից։
Գլխավոր դատախազություն վերադարձված միջնորդությունները վերաբերել են հետևյալ անձանց.
-Գագիկ Ծառուկյան («Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 1-ին համար) – քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ.
-Լևոն Նալբանդյան («Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք) – քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ.
-Հայկ Ավագյան («Ուժեղ Հայաստան» դաշինք) – քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ.
-Մհեր Աղամյան («Ուժեղ Հայաստան» դաշինք) – քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ.
-Նարեկ Կարապետյան («Ուժեղ Հայաստան» դաշինք) – քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ.
-Սասուն Բադոյան («Ուժեղ Հայաստան» դաշինք) – քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը, ամփոփելով խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը, որոշեց ուժի մեջ թողնել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ 2026 թվականի հունիսի 14-ի որոշումը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարության համաձայն՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավոր և «Հայաստան» դաշինքը՝ 12 պատգամավոր։
Ընդդիմադիր 2 դաշինքներն էլ հայտարարել էին նոր խորհրդարանում պատգամավորական մանդատները վերցնելու մտադրության մասին։

