Նուբարաշենի աղբավայրի հրդեհի օրերին ծծմբի երկօքսիդը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի և ծծմբի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան հոկտեմբերի 8-12-ը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Սակայն Նուբարաշենի աղբավայրի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում հոկտեմբերի 5-12-ը ընկած ժամանակահատվածում դիտվել է ծծմբի երկօքսիդի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1.7-3.2 անգամ: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Գերատեսչության տեղեկացմամբ, Երևանի մթնոլորտային օդում 2025թ․ հոկտեմբերի 8-12-ը փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.1-4.7 անգամ.
Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին։ Քաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում (Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Արաբկիր) դիտվել է փոշու օրական կոնցենտրացիայի գերազանցում սահմանային թույլատրելիից 1.4-4.7 անգամ։
Ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան համապատասխանաբար 4.7 և 3.4 անգամ: Ընդ որում, Շենգավիթում փոշու կոնցենտրացիան մոտ 11 անգամ բարձր է եղել հոկտեմբերի 8-ի ցուցանիշից։ Հաջորդող օրերին դիտվել է կոնցենտրացիայի նվազում:
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:
Ծխածածկույթը պատել էր հարակից Նուբարաշեն և Էրեբունի համայնքները։

