ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունն ըստ արժանվույն է ներկայացնում Հայաստանն աշխարհին, ասաց գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը դրա 10–ամյակի առիթով կազմակերպած հանդիսավոր ընդունելության ընթացքում։
«Նախևառաջ, մենք ազգային ռեսուրս ենք և ցանկանում ենք, որ աշխարհն իմանա մեր երկրի, նրա առջև այսօր կանգնած խնդիրների մասին»,– ասաց Դավիթյանը։
Նա նշեց, որ 10 տարիների աշխատանքի ընթացքում «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաջողվել է ընթերցողների իր լսարանը ձևավորել, և դա գործակալության ամենամեծ ձեռքբերումն է։
«Մեզ հաջողվել է ձևավորել ընթերցողների սեփական լսարանը, որը վստահում է հենց մեր լուրերին։ Մենք միշտ ձգտել ենք անկեղծ լինել և ընթերցողներին տրամադրել միայն ստուգված փաստեր»,– ասաց Դավիթյանը։
Նա հայտնեց, որ շուտով կրկին կսկսի գործել «Նովոստի–Արմենիա» մամուլի նորացված կենտրոնը, և իրագործման փուլում են մի քանի նոր նախագծեր։
«Մենք նաև գործարկել ենք նոր մուլտիմեդիոն կայքը։ Ներկայում
www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին»,– ասաց Դավիթյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը 10 տարեկան է` ջերմ երեկո ընկերների շրջապատում>>
Գլխավոր տնօրենը պարզաբանեց, որ «Նովոստի–Արմենիան» գործում է որպես դասական լրատվական գործակալություն։ «Մենք ինքներս ենք կոնտենտ ստեղծում։ Բացի լուրերից, ընթերցողներին ենք ներկայացնում ամփոփումներ, վերլուծություն, առաջատար մասնագետների մեկնաբանություններ։ Մի խոսքով, փորձում ենք լրատվության հնարավորինս ամբողջական շրջանակ ներկայացնել, որ մեր ընթերցողը հնարավորություն ունենա ձևավորել սեփական տեսակետը»,– ասաց Դավիթյանը։
Նա հույս հայտնեց, որ դա գործակալության վերջին հոբելյանը չէ, և որ «Նովոստի–Արմենիան» դեռ երկար տարիներ կմնա այն լրատվական աղբյուրը, որտեղ կարելի է լուրեր իմանալ, կարդալ բացառիկ նյութեր, հեղինակավոր նյուսմեյքերների մեկնաբանություններ մարդկանց հուզող հարցերի շուրջ։
ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ն (
www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև`
www.teleсom.arka.am հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների պորտալը,
www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը, finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, adnet.am գովազդային ցանցը, ARKA-Style կայքը բարձրաշխարհիկ քրոնիկոնին հետևողների համար և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-