ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Քառյակ Մեդիա» մեդիաընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ «Արմնյուզ» լրատվական կայքէջում տեղադրվել է տեսանյութ` «Քառյակ Մեդիա» մեդիաընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանի կողմից տրված հարցազրույցից, որում վերջինս, բերելով Նիկոլաե Չաուշենսկուի օրինակը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործով Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-