ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացվել ընդդեմ ԿԳՄՍ նախարարության, հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
«Տեղեկացնում եմ, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ԿԳՄՍ նախարարության: Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող Ս.Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03.08.2023թ. թիվ 1342-Ա/2 հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով)», – գրել է փաստաբանը Facebook–յան իր էջում։
Ավելի վաղ մի շարք փորձագետներ քննադատել էին 7-րդ դասարանի հայոց պատմության նոր դասագիրքը, որտեղ, ըստ նրանց, շատ են սխալներն ու անճշտությունները, ինչպես նաև անհիմն հիպոթեզները։ Մասնավորապես, դասագրքում Արցախը նշվում է Ադրբեջանի սահմաններում, թեև նկարագրված են պատմական իրադարձություններ Տիգրան Մեծի ժամանակներից (Ք.ա. 140-55 թթ.): Միևնույն ժամանակ, դասագրքի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանը կարծում է, որ աշակերտներին հնարավորություն է տրվում «քարտեզի վրա միաժամանակ տեսնել Տիգրան Մեծի ժամանակների աշխարհի և ժամանակակիցի աշխարհի պատկերը»։
Հանրակրթության ոլորտում իշխանությունների քաղաքականությանը բացասական գնահատական է տվել նաև Հայ Առաքելական եկեղեցին։ Օրերս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորած Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողովի մասնակիցները հայտարարել են, որ «Հայոց պատմություն» դասագրքի բովանդակությունը աղավաղված է կոպիտ սխալներով, բացթողումներով և կամայական մոտեցումներով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում