«Մալաթիա մոլ»-ում կան հրավտանգ նյութեր. հրդեհի տեղայնացումը դժվարանում է

24.08.2019, 21:32
«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի բարդությունը 2 «Բիս»-ից բարձրացվել է 3 «Բիս»:
«Մալաթիա մոլ»-ում կան հրավտանգ նյութեր. հրդեհի տեղայնացումը դժվարանում է
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի բարդությունը 2 «Բիս»-ից բարձրացվել է 3 «Բիս», «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց հրշեջ աշխատանքները ղեկավարող շտաբի ներկայացուցիչը:

ԱԻՆ աշխատակիցները հաստատեցին, որ հրդեհը բռնկվել է փայտամշակման և կահույքի արտադրամասերում` ընդգրկելով առևտրի կենտրոնի ավելի լայն տարածքները:

Նրանց խոսքով, այս պահին հրդեհը մեկուսացնել չի հաջողվել, այն շարունակում է տարածվել:
Կրակը տարածվել է 8 արտադրամասերում, որոնցից յուրաքանչյուրի մակերեսը կազմում է մոտ 800 քմ, այրվում է առևտրի կենտրոնի ընդհանուր 7 հա տարածքի մոտ կեսը: Այս պահին տեղում շարունակում է աշխատել ԱԻՆ 22 մարտական հաշվարկ, մոբիլիզացվել են բոլոր հրշեջ ստորաբաժանումները, սակայն, ինչպես նշեցին ԱԻՆ ներկայացուցիչները, անհրաժեշտություն չկա ավելացնել ստորաբաժանումներ մարզերից:

Չկա նաև հարակից տարածքներից տարհանման անհրաժեշտություն:

Ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը, ԱԻՆ ներկայացուցիչները հերքեցին պայթյունավտանգ նյութերի առկայությունը, սակայն հրավտանգ նյութերի մեծ քանակության պատճառով հրդեհի տեղայնացումը դժվարանում է:

Загружается новость ... "Право"

Առողջապահության նախարարության տվյալներով, Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մինչ այս պահը տուժել է 10 քաղաքացի։

«Նրանցից 8-ը գտնվել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։ Բոլորը դուրս են գրվել»,- հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, սկսել է գործել 2016 թվականին: Կենտրոնը պատկանում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, ում պատկանում է նաև Yerevan City սուպերմարկետների ցանցը: -0-