ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի հայ փիլիսոփա, ակադեմիկոս Գևորգ Բրուտյանն է մահացել նախօրեին կյանքի 89–րդ տարում, հայտնում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մամուլի ծառայությունը։
Բրուտյանը եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի խորհրդական, Հայաստանի փիլիսոփայության ակադեմիայի հիմնադիր–նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծվել է գիտնականի հուղարկավորության հարցերի կազմկոմիտե ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Հանգուցյալի հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 10–ին Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հրաժեշտի արարոսությունը` դեկտեմբերի 11–ին ԳԱԱ նախագահության շենքում։ Բրուտյանի մարմինը կամփոփվի Երևանի պանթեոնում։
Գևորգ Աբելի Բրուտյանը ծնվել է 1926 թվականի մարտի 24–ին Տավուշի մարզի Սևքար գյուղում։ Նրա հիմնական աշխատությունները նվիրված են փիլիսոփայության և տրամաբանության խնդիրներին։ Հիմնադրել է երևանյան փաստարկման դպրոցը, ստեղծել փոխակերպման տրամաբանության գիտությունը, առաջադրել լեզվաբանական լրացուցչության սկզբունքը (կոչվում է իր անունով), մշակել թարգմանության, մետահայագիտության, տեսությունները: Հեղինակ է տրամաբանության բուհական և դպրոցական դասագրքերի։
Բանասիրության համաշխարհային (Անգլիա, 1990), «Արարատ» միջազգային (Փարիզ, 1992), Լոնդոնի դիվանագիտական (2000), Միջազգային դիվանագիտական (2000) ակադեմիաների անդամ։
Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով և աշխարհի մի շարք համալսարանների ոսկե մեդալներով։
Հայոց փիլիսոփայության ակադեմիայի պրեզիդենտ (1987-ից), Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պրեզիդենտ (2001-ից), ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական (2002-ից)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում