Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը:
Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում:
«ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 թ.-ի ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում։ Ավարտել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսուրայի բաժինը, ապա՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։
1964 թ.-ից աշխատել է Վանաձորի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ 1973 թ.-ից դասավանդել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1995-2000 թթ.-երին եղել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, իսկ 2001-2002 թթ.-երին՝ գլխավոր ռեժիսորը։
1979 թ.-ին արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 2004 թ.-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման։ 2011 թ.-ին Լիր արքայի դերակատարման համար արժանացել է «Արտավազդ» մրցանակի։
Թատրոնում մարմնավորել է բազմաթիվ կերպարներ, այդ թվում՝ Սունդուկյանի «Պեպո», Լերմոնտովի «Դիմակահանդես», Շիրվանզադեի «Քաոս» ներկայացումներում։ Հեղինակել է երեք բեմադրություն։
Նկարահանվել է նաև «Հեղնար աղբյուր», «Հող և ոսկի», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Վերադարձ» և այլ ֆիլմերում։

