Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են հրավտանգ առարկաներ. ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար» շարժմանն առնչվող գործի վերաբերյալ. (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ. 15 անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ:
«Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են: 15 մեղադրյալներ կալանավորված են»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 25-ին Քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Նշենք, որ նախօրեին իրավապահները գործողություններ են իրականացրել ընդդիմադիրների բնակարաններում, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի տանը։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և իր մի քանի աջակիցներ կալանավորվել են։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական գործողություններ կազմակերպելու և ՀՀ-ում իշխանությունը զավթում նախապատրաստելու մեջ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում կիսվել է Civic am կայքից «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով pdf ֆայլով։
Մասնավորապես, փաստաթղթում շարադրվում են գործողություններ, որոնք ենթադրաբար պետք է հանգեցնեն Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացմանը և նոր իշխանական համակարգի փուլային անցմանը։